Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Երազանքների պատ>> ծրագրի աջակիցների հետ

20.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարան - մասնավոր կառույցներ համագործակցության շրջանակում հունիսի 1-20-ը Երևանում անցկացված <<Երազանքների պատ>> ծրագրի աջակից <<Ամերիաբանկի>> գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրի առաջին փուլում հավանության արժանացած երազանքներից մեկի` եռաչափ նկարազարդման, իրականացման նպատակով Երևան հրավիրված գերմանացի նկարիչ Նիկոլայ Արնդտը և <<Բի Բի Մեդիա>> գովազդային գործակալության տնօրեն Հայկ Սիմոնյանը:
Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նախաձեռնության գաղափարն իսկապես յուրօրինակ էր ու, ըստ այդմ, քաղաքապետարանն ակնկալում է հետագայում ևս շարունակել համագործակցությունը և իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել նման ծրագրերի կյանքի կոչմանը:<<Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք փոխշահավետ ծրագրերի քննարկման և դրանց իրականացման հարցում: Վստահ եմ, որ այս ծրագրի հաջող ընթացքը խթան կհանդիսանա մասնավոր այլ ընկերությունների համար ևս, ովքեր հանդես կգան հետաքրքիր առաջարկներով և, դրանցից լավագույններն իրագործելով, համատեղ կնպաստենք մայրաքաղաքում որակապես այլ, աչք շոյող միջավայրի ձևավորմանը>>,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և պատրաստակամության համար` <<Ամերիաբանկի>> գլխավոր տնօրենը նշել է, որ երազանքների մասին բոլոր գրառումներին ծանոթանալուց հետո իրենք պատրաստ են կյանքի կոչել հետաքրքիր այլ երազանքներ ևս:<<Օրեցօր ավելի ու ավելի տեսանելի են դառնում այն բոլոր փոփոխությունները, որոնք կատարվում են մեր սիրելի քաղաքում, և այդ հարցում մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը: Նաև Ձեր այդ վերաբերմունքով է պայմանավորված մեր այս նախաձեռնությունը, որով մի փոքր լումա էլ մենք ենք փորձում ունենալ մեր քաղաքի ու քաղաքացիների հաճելի առօրյայի կազմակերպման հարցում>>,- նշել է Արտակ Հանեսյանը` վստահեցնելով, որ <<Ամերիաբանկը>> պատրաստակամ է շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունը:
Տարոն Մարգարյանը ևս վստահեցրել է, որ Երևանի արտաքին տեսքի ձևավորման և երևանցիների հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներում մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը մշտապես կողջունվի, և քաղաքապետարանի կողմից կարվի հնարավորը դրանք օր առաջ իրականություն դարձնելու համար:

← Վերադառնալ ցուցակին