Լուրեր

Ասադ Ալամը վարչապետին է ներկայացրել Համաշխարհային բանկի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

20.06.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին, ով ավարտում է իր գործունեությունն զբաղեցրած պաշտոնում: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին:
«Կարծում եմ՝ վերջին տարիների մեր երկկողմ համագործակցությունն արձանագրել է շոշափելի արդյունքներ: Բոլոր ոլորտներում, որտեղ առկա են համատեղ ծրագրեր, արձանագրել ենք առաջընթաց և որևէ ձախողված ծրագիր չունենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն այս գործում բարձր է գնահատել Ասադ Ալամի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել նրան համագործակցության համար:
Վերջինս շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: «Մեր երկկողմ համագործակցությունը Ձեր գլխավորած թիմի հետ եղել է բարձր մակարդակի, ինչի արդյունքում համատեղ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր: Շնորհակալություն լավագույն համագործակցության համար»,- ասել է պարոն Ալամը:
Իր հերթին, Հենրի Քերալին պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակել Հայաստանի կառավարության հետ ձևավորված բարձր մակարդակի երկկողմ համագործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերին:

← Վերադառնալ ցուցակին