Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

19.06.2012

Երևանի և բելառուսական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում:
Առանձնակի կարևորելով Երևանի և բելոռուսական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռևս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր իրապես թարմացման կարիք ունի:<<Վստահ եմ կհամաձայնեք, որ այսօր ավելի քան անհրաժեշտ է հստակեցնել բոլոր այն ուղղությունները, որոնց մասով կկարողանանք համագործակցությունն առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնել, հատկապես հաշվի առնելով այն ներուժը, որ առկա է համագործակցությունն այդպիսին դարձնելու համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման և դրանց կյանքի կոչման հարցում: Հաշվի առնելով Ձեր ներդրումը Երևանի և բելառուսական քաղաքների միջև հաստատված բարեկամական ամուր հարաբերությունների հարցում, վստահ եմ, որ այս դեպքում ևս կանեք հնարավորը, որպեսզի երկուստեք փոխգործակցությունը դառնա առավել առարկայական և շահավետ>> - նշել է Տարոն Մարգարյանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ստեպան Սուխորենկոն իր հերթին ընդգծել է, որ Երևանի և Մինսկի միջև փոխգործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման հարցում լիովին կիսում է Երևանի քաղաքապետի դիրքորոշումն ու վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի դրանք հնարավորին շուտ կյանքի կոչվեն: <<Բելառուսական արտադրության որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես, վերելակներ, աղբատար մեքենաններ ու ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, իրապես մրցունակ կարող են լինել Երևանում: Ըստ այդմ, վստահ եմ, որ փոխգործակցության ընդլայնման հարցում մենք իսկապես լուրջ ներուժ ունենք և այն պետք է օգտագործենք>> - նշել է դեսպանը և հույս հայտնել, որ փոխգործակցության ընդլայնման առավել համակողմանի քննարկումը տեղի կունենա Երևանի և Մինսկի քաղաքապետերի պաշտոնական հանդիպման ընթացքում և Տարոն Մարգարյանին է փոխանցել Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյի պաշտոնական հրավերը:Փոխգործակցության ընդլայնման ուղղություններն առավել հստակեցնելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու ստորաբաժանումներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր առաջարկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին