Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ

19.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ:
Քաղաքապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
<<Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետագայում ևս արդյունավետ կաշխատի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ>>,- նշել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ։Կարևորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը` քաղաքապետը հատկանշել է, որ վերջերս Հալլե Զալլե քաղաքի քաղաքապետի Երևան կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր։
Հանս-Յոխեն Շմիդտը, կիսելով իր տպավորությունները Երևանի և քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ, նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ուղղությամբ։<<Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքում>>,- նշել է դեսպանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդտը զրուցել են նաև քաղաքապետարանի և գերմանական միջազգային համագործակցության <<Համայնքային և տնտեսական զարգացումը Հայաստանում>> ծրագրի շուրջ։
 

← Վերադառնալ ցուցակին