Լուրեր

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ

18.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները:
<<Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետևողականությունը և սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից>>,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձևավորումը:Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի կրապատման և բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժվում են նաև մշտադալար տնկիները` հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:
Քաղաքապետ հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել նախկինում անցկացված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարվող աշխատանքները և համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով:
<<Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները` պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի առաջիկա տարիների ընթացքում վերջնականապես լուծենք մայրաքաղաքի ոռոգման ցանցերի գործարկման խնդիրը>>,- նշել է քաղաքապետը:
Այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ և ապահովել, որ խաղերը տեղադրվեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Կշարունակվի նաև բջջային կապի օպերատորների աջակցությամբ սահմանված ժամկետների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:
Մայրաքաղաքի դպրոցներին և մանկապարտեզներին ցուցաբերվող աջակցությունը խթանելու և առավել նպատակային դարձնելու նպատակով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել <<Օգնիր դպրոցիդ>> և <<Օգնիր մանկապարտեզիդ>> կայքերի գործունեությունը։
Ընթացքի մեջ են վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Ոորակի ապահովման նպատակով պատասխանատուների կողմից կատարվում են շրջայցեր:
Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կամրացվեն ու կվերանորոգվեն Մյասնիկյան պողոտայի միջնապատերը:
Շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:<<Արձանագրված բոլոր ապօրինությունների մասով պետք կայացնել քանդման որոշում>>,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությանը` զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են վարորդների ծխելու, սանիտարական ոչ պատշաճ տեսքով մեքենաների երթևեկման, ինչպես նաև կանգառագոտիներից դուրս կայանման մի շարք դեպքեր: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:
Չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման վերաբերյալ <<Ջրային կառույցներ>> ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մինչև հուլիս կվերագործարկվեն մայրաքաղաքային ևս 3 շատրվան:
Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այստեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև հանգույցների կառուցման ուղղությամբ: Ավարտական տեսքի է բերվում Աբելյան-Հալաբյան հատվածը:
Շարունակվում են նաև մայրաքաղաքի գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման և նոր շենքերի լուսավորման աշխատանքները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդում քննարկել և առաջարկություն ներկայացնել Դվին հյուրանոցի հարևանությամբ տեղադրված արձանախմբի տեղափոխման հետ կապված:
 

← Վերադառնալ ցուցակին