Լուրեր

ՈՒխտագնացություն դեպի Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի

18.06.2012

Հունիսի 16-ին և 17-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի, որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։
Հունիսի 16-ին ավելի քան 100 երիտասարդներ մաքրեցին և բարեկարգեցին եկեղեցու հարակից տարածքը: Իսկ հունիսի 17-ին շուրջ 80 երիտասարդ հանրապետականներ մեկնեցին Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացան դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Գ. Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրմին:
Ինչպես նշեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վ. Գասպարյանը, սա արդեն ավանդույթ դարձած միջոցառում է: ՙԱմեն տարի կազմակերպում ենք ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ մոմեր ենք վառում և հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի մեծ հայորդու հիշատակին»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Գ. Նժդեհի շիրմի մոտ իրականացրեց նաև ՀՀԿ-ի շարքերը նոր անդամագրված երիտասարդ հանրապետականների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
1987թ. սպարապետ, ռազմական, քաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները գաղտնի տեղափոխվել և ամփոփվել են Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այստեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի խնկելի հիշատակի հավերժացման խորհրդանիշ: Ինչպես շատ հայրենասերների, Նժդեհի գաղափարական հետևորդների, այնպես էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար Սպիտակավորը դարձել է ուխտավայր, և ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ այցելում են այնտեղ:
Ի դեպ, Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է 3 հազար մ բարձրության վրա, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել 9-10 կմ ճանապարհ:

← Վերադառնալ ցուցակին