Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը վարել է կառավարության արտահերթ նիստը

18.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վարել է կառավարության արտահերթ նիստը:

Մինչ նիստի օրակարգին անցնելը, Նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ և նշել, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազմակերպչական բավարար աշխատանքային հմտություններ:

Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որն արժանացել է հավանության: Սահմանված կարգով, այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Նիստում ընդունվել է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Համաձայն որոշման, կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Հանրապետության նախագահը նիստի ավարտին կոչ է արել նոր ձևավորված կառավարության անդամներին՝ տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի և մաղթել է հաջողություն:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը կառավարության արտահերթ նիստում

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ` այստեղ ոչ ոք չի կասկածում, որ մենք` ձեզ հետ միասին, ծավալուն ու դժվարին աշխատանք ունենք անելու: Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը: Նաև կարծում եմ, որ ոչ ոք չպետք է կասկածի այն վճռականությանն ու խստապահանջությանը, որով մենք լծվում ենք գործի:

Ես ձեզ կոչ եմ անում տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի: Սա առաքելություն է: Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա: Ճիշտ հակառակը` մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել: Մեզ այստեղ են ուղարկել աշխատելու`աշխատելու անձնուրաց, բարեխղճորեն, պարտքի մեծագույն գիտակցումով:

Մայիսի 6-ի ընտրություններից հետո մենք ունենք որակապես նոր` անհամեմատ ավելի բաց հասարակություն: Դա նշանակում է, որ կառավարության անդամների թե՛ պաշտոնավարման, թե՛ կենցաղավարման քայլերին ամեն պահի հետևելու են ո՛չ միայն Նախագահն ու խորհրդարանը, այլև ողջ հասարակությունը: Սա իր հերթին նշանակում է, որ նոր կառավարությունը նույնպես պետք է լինի որակապես նոր մակարդակի վրա:

Կառավարության կազմում մենք հեղափոխական փոփոխություններ չենք կատարել, ինչպես տեսնում եք: Դա պայմանավորված է ծրագրերի և արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ: Սակայն սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից: Մենք մեր քաղաքացիներին փոփոխություններ ենք խոստացել, փոփոխություններ, որոնք կհասնեն յուրաքանչյուրի կյանքի որակից մինչև պետական կառավարում, աշխատելու ու վաստակելու հնարավորություններից մինչև բարձրակարգ կրթության ու առողջապահության հասանելիություն: Ամենուր: Եվ այդ փոփոխությունները չպետք է ուշանան:

Անցած տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումն էր Հայաստանի տնտեսության կերպարանափոխումը, որը տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում: Տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, մասնավորի հետ աշխատելու նոր ոճը, տնտեսավարման գործընթացում պետության խթանիչ դերակատարության նկատելի ակտիվացումը հնարավորություն են տվել ապահովել թե՛ նոր ներդրումներ ու տեխնոլոգիական լուծումներ, թե՛ բավականաչափ կայուն սոցիալական քաղաքականություն:

Փոփոխությունների շղթան պետք է նոր թափով ընդգրկի բոլոր ոլորտները. մենք այդ մասին խոսել ենք: Պետական կառավարման արդյունավետության բարձրացման, պետական ինստիտուտների գործառույթների կրկնությունից հետևողականորեն ձերբազատման, ինչպես նաև մեկնարկած մյուս բոլոր բարեփոխումների արդյունքները պետք է տեսանելի լինեն մեր յուրաքանչյուր քաղաքացու համար:

Այժմ բոլորիդ ուշադրությունը մասնավորապես պետք է ուղղեմ դեպի գյուղն ու գյուղացուն: Պետք է օժանդակենք գյուղացուն ստացված բերքը հավաքելու, պահելու ու իրացնելու գործում: Հետևողականորեն կանգնե՛ք գյուղացու կողքին, և գյուղը կրկնակի արդյունք կտա: Ես դրանում չեմ կասկածում:

2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է: Տնտեսական աճն ինքնանպատակ չէ. մեր խնդիրն է կայուն և մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետևողական կրճատումն ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումը: Սա է լինելու ձեր աշխատանքի գնահատման առաջին ցուցիչը:

Սահմանադրության պահանջով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք պետք է կրկին անդրադառնանք կառավարություն ձևավորելու հարցին: Ճիշտ այդ ժամանակ է, որ վիճակագրական ծառայությունը կամփոփի նախորդ տարվա՝ այսինքն 2012թ. տնտեսական իրավիճակը, և մենք կունենանք կառավարության գործունեության արդյունքները նաև նրա գործունեության 5 տարիների համար: Այդ ժամանակ էլ հնարավորություն կունենանք կրկին գնահատելու իրականացվող ծրագրերը և կատարված աշխատանքի որակը:

Կարծում եմ՝ իմ դրած խնդիրները պարզ են բոլորի համար:

Հայաստանի նոր կառավարությանը մաղթում եմ հաջողություն: Այդ հաջողություններով առաջիկա տարիներին պայմանավորվելու է շատ բան, եթե չասենք՝ ամեն ինչ:

← Վերադառնալ ցուցակին