Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

15.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել է վարչական շրջանի Մանկական այգին:Հանգստի այս գոտու բարեկարգման խոստումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին տվել էր դեռ նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ:Ծրագրի համաձայն ամբողջությամբ բարեկարգվել ու կահավորվել է այգու ողջ` 1,5 հա տարածքը:Համալիր բարեկարգման շրջանակում հիմնովին փոխվել են նաև արտաքին լուսավորման և ոռոգման համակարգերը:Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել սիզամարգերի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ, իսկ տեղադրված նոր նստարանները, զրուցարաններն ու խաղային նոր ատրակցիոններն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին:<<Մանկական այգին իրականում գտնվում էր շատ վատ վիճակում: Տասնյակ տարիներ անխնամ մնալու արդյունքում այգին չէր ծառայում իր բուն նպատակին: Քաղաքապետարանի 2012թ.-ի շինբարեկարգման ծրագրով և մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց հիմնովին վերակառուցել այգու ողջ տարածքն ու հանձնել բնակիչներին>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող այգին վերակառուցելու համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է իրենց համար: Քաղաքապետն էլ հորդորել է խնամքով վերաբերվել ու պահպանել այն ամենը, ինչը ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար:Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Արցախի 8 և Աթոյան անցուղի 18 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է հանգստի այդ նորաստեղծ գոտիները:Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար:Տարոն Մարգարյանն էլ, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած <<Բարեկարգ Երևան>> ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:<<Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում այսօր քայլեր են տարվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում փոքր կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Մենք մոտ ժամանակներս արդեն ականատես կլինենք նաև այդ հանգստի գոտիների բացմանը: Իսկ ընդհանրապես, որպես առաջնահերթություն, մեր խնդիրն է համաչափ զարգացում ապահովել ողջ Երևան քաղաքում>>,- շեշտել է քաղաքապետը:Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է նաև Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում արդեն ավարտին մոտեցող խաղահրապարակներից մեկի բարեկարգման ընթացքին, որից հետո այցելել է Ջրաշենի առաջին և երրորդ փողոցներ` տեղում ծանոթանալու ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Շուրջ 400 մ երկարություն ունեցող գրունտային այս ճանապարհն առաջին անգամ է ասֆալտապատվելու:Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների կատարման ընթացքին:Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ ու հանձնարարել խստորեն հետևել քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքների համակարգված կազմակերպմանն ու դրանք սահմանված ժամկետներում և որակով իրականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին