Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

14.06.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 14-ին ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Պետր Միկիսկային դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-չեխական բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելը, եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: «Վստահ ենք, որ Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը եւս դրական ազդեցություն կունենա մեր քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու, առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ մարդկային շփումներն ակտիվացնելու գործում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահն անհրաժեշտ համարեց խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանների մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել փոխճանաչելիության բարձրացման համար` միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից: Պարոն Աբրահամյանն ընդգծեց առեւտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Չեխիայի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձը: Պարոն Միկիսկան վստահեցրեց, որ կանի հնարավորը երկկողմ կապերը զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ այդ համատեքստում տեղեկացրեց, որ Չեխիայի խորհրդարանում ստեղծվել է չեխ-հայկական բարեկամության խումբ, իսկ սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը:

← Վերադառնալ ցուցակին