Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ

14.06.2012

Միջմշակութային հաղորդակցության ծրագրերի շուրջ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունն ու ներկան և ընդգծել, որ հայ-բուլղարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երևանի և բուլղարական քաղաքների միջմշակութային հարաբերությունների ընդլայնման համար:<<Մեր երկու ժողովուրդներն ունեն պատմական և հոգևոր ընդհանրություններ և համոզված եմ, որ կոնկերտ ծրագրային հիմքերով ամրապնդված համագործակցությունն ավելի արդյունավետ կընթանա: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է ու պատրաստակամ համատեղ ծրագրերի իրականացման համար>>,- նշել է Երևանի քաղաքապետն ու հավելել, որ Երևանն ու Սոֆիան այսօր հանդիսանում են գործընկեր քաղաքներ և դրա հավաստումը Բուլղարիայի մայրաքաղաքի <<Երևան>> անունը կրող այգում տեղադրված հայկական խորհրդանիշ հանդիսացող տուֆակերտ արձանն է:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես ազգային ու մշակութային արժեքների պահպանության հարցում: Վեժդի Ռաշիդովը, ակնկալելով Երևանի քաղաքապետի աջակցությունը, խնդրել է ընդառաջել և երևանյան բեմում ներկայացնել բուլղարահայ հայտնի ռեժիսոր Գրիգոր Ազարյանի <<12-րդ գիշեր>> պիեսը:
Կողմերը զրուցել են նաև միջմշակութային տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել փոխայցելությունների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին