Լուրեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

13.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:Կուրղինյան 7 շենքի բնակիչների հավաստմամբ` համալիր բարեկարգված բակն անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:
Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել:
Երևանի քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:Անդրանիկի 114, 118, ինչպես նաև Շերամի 83,85, շենքերի բակում ևս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչներին են հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, և շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման, առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով:
Րաֆֆու 45, 47 և 49 շենքերի բակում Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կազմակերպված ծառատունկին:Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:Զրուցելով բնակիչների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում.
<<2012թ.-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մենք լայն թափով սկսեցինք բակերի բարեկարգման աշխատանքները, ինչի արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն որոշ բակեր հանձնեցինք բնակիչների տնօրինմանը: Շնորհավորելով Մասլաթիա-Սեբաստիայի բոլոր բնակիչներին, վստահեցնում եմ, որ այս աշխատանքները լինելու են շարունակական, ու մի քանի տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին>>,-նշել է քաղաքապետը:Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Անդրադառնալով բնակչության կողմից բարձրացված խնդիրներին` Տարոն Մարգարյանը կարևորել է հատկապես վերելակային տնտեսության արդիականացման խնդիրը. <<21-րդ դարում ուղղակի անթույլատրելի է չաշխատող վերելակը բազմաբնակարան շենքում: Մայրաքաղաքի վերելակային տնտեսությունն արդիականացման կարիք ունի և պահանջում է համալիր մոտեցում: Խնդրին համակարգված լուծում տալու համար քաղաքապետարանն այսօր ներդրումային միջոցներ ներգրավելու ծրագրեր է մշակում վերելակային տնտեսության կառավարումը մասնավոր ներդրողների միջոցով իրականացնելու համար>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:Քաղաքապետը հորդորել է նաև հետևողական ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը`շեշտելով, որ այդ մասով եկամուտների աճն իր հերթին կարող է լրացուցիչ հնարավորություն ընձեռել քաղաքային ծրագրերի հետ մեկտեղ ավելացնելու իրականացվող բարեկարգման աշխատանքների ծավալները:<<Ժամանակին զուգընթաց ավելանում են նաև բնակչության պահանջները, ինչն էլ մեզ պարտավորեցնում է վերանայել մոտեցումներն ու համայնքային բյուջեին զուգահեռ, ներգրավել նաև ներդրումային միջոցներ ու հարմարավետ ապրելակերպ ապահովել երևանցիների համար>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին