Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին
13.06.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամության խումբը, որի ղեկավարն է Արայիկ Հովհաննսիյանը:
Դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ահմեդ ալ-Սաադունի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական այցի հրավերը Քուվեյթ` նշելով, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը: Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդին ընդգծեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ գործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով եւ նշեց, որ իր առաքելությունն է լինելու հնարավորինս նպաստել հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանի համոզմամբ` միջպետական հարաբերությունների խորացման առումով կարեւոր նշանակություն ունի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցեր եւս: