Լուրեր

Թիան Չանչունը վարչապետին անձամբ է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահի շնորհավորանքները

13.06.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձը՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո 20 տարիներ շարունակ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շարունակական, առողջ և կայուն ուղով: Կողմերի միջև բարձր մակարդակներում պահպանվում են շփումները, անշեղորեն խորանում է քաղաքական փոխվստահությունը, կողմերն աջակցում են միմյանց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերում, մեծ արդյունքների են հասել առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հարցերում, առկա են սերտ կապեր և փոխգործակցություն միջազգային և տարածաշրջանային հարցերում: Համագործակցության երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ամրապնդել է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունն ու փոխըմբռնումը և ի հայտ է բերել երկկողմ համագործակցության նոր հետաքրքրություններ:
Չինաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ և լավ գործընկեր: Ձերդ գերազանցություն, չինական կողմը բարձր է գնահատում Ձեր մեծ ներդրումը և աջակցությունը հայ-չինական հարաբերությունների և երկկողմ գործարար միջավայրի զարգացման գործում:
Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունների և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցերում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեր աշխատանքում»: 06.06.2012 թ. Ք. Պեկին
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կիսում է հայ-չինական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ Չինաստանի իր գործընկերոջ խոսքերը: «Մեր երկկողմ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Հայաստանը շահագրգռված է դրանում: Մեր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ամրապդնվեն, քանի որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է վարչապետը:
«Չնայած ճգնաժամային իրավիճակին ՝Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ, քաղաքական ոլորտում ևս պահպանվում է կայունություն: Ձեր գլխավորած կառավարությունն ու Հանրապետական կուսակցությունը մեծ ավանդ ունեն այս աշխատանքներում: Ուրախ ենք Ձեր հաջողությունների համար»,- ասել է Թիան Չանչունը:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ կզարգանա տարբեր բնագավառներում: Թիան Չանչունը տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի բացման աշխատանքները, որը կնպաստի մեր երկրում չիներենի տարածմանն ու զարգացմանը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայում տնտեսական, սոցիալական, կրթական, հումանիտար և այլ բնագավառներում իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր: Վարչապետը կարևորել է երկկողմ նոր նախագծերի մշակումն ու ներդրումը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև չինական կողմից տարբեր ոլորտներում պարբերաբար ստացվող օժանադակությունը և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի համար:

← Վերադառնալ ցուցակին