Լուրեր

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին և ՌԴ կառավարության նախագահին

12.06.2012

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Հանրապետության ղեկավարի խոսքով, քաղաքական արդյունավետ երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը համատեղ ջանքերի շնորհիվ թույլ են տալիս բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնել:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը միավորում են ռազմավարական դաշնակցության ամուր հարաբերությունները, որոնք բնութագրվում են քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում սերտ փոխգործակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին