Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

09.06.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 9-ին ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ: «Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերով: Հայ-գերմանական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում»,-նշեց պարոն Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ` երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին եւ այդ համատեքստում կարեւորվեց միջխորհրդարանական կապերն աշխուժացնելու, պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, միջազգային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը: ԱԺ նախագահի խոսքով ` Հայաստանը մեծապես շահագրգռված է Գերմանիայի հետ առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ ու խորացմամբ:

Ռուպրեխտ Պոլենցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նա նույնպես կարեւորեց հայ-գերմանական հարաբերությունների էլ ավելի զարգացումը եւ խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրարդարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հայ- թուրքական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով եւ հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը: Պարոն Պոլենցի համոզմամբ նույնպես հիմնախնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

← Վերադառնալ ցուցակին