Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ասֆալտապատման ծրագրերի իրականացման ընթացքին

08.06.2012

Երևանի քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:Մայրաքաղաքում կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալն այս տարի կկազմի մոտ երկու միլիոն քառակուսի մետր: Ըստ այդմ, 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կապիտալ հիմնանորոգում կիրականացվի 26 փողոցներում, այդ թվում` մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարների ու դիտահորերի նորոգում ու նորերի կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ծանոթացել է պաշտպանության նախարարության շենքին հարակից Բագրևանդի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այստեղ ճանապարհը կրկնակի լայնացվում է՝ դառնալով 14 մ լայնությամբ, յուրաքանչյուր կողմից ունենալով երկուական երթևեկելի շերտ:Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով որակի պահպանմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն, և աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:Հիմնանորոգվող մյուս ճանապարհը երթևեկությամբ ծանրաբեռնված Մյասնիկյան պողոտան է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այստեղ շինարարներն աշխատում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ, որպեսզի օր առաջ ավարտեն գործն, ու ճանապարհը լիարժեք երթևեկելի դառնա: Ծրագրի համաձայն` այս ճանապարհահատվածում կասֆալտապատվի 120000 քմ մակերես:Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում ընթացող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, երթևեկելի գոտու ասֆալտապատմանը զուգահեռ, ամբողջությամբ վերանորոգվում են նաև մայթերը, փոխվում եզրաքարերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայթերի բարեկարգման աշխատանքների որակին:Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որտեղ երթևեկելի գոտու հարթեցման աշխատանքներն ավարտվել և շրջայցի պահին ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Քաղաքապետը տեղում հետևել է նաև Սեբաստիա-Իսակով ուղեանցում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ կատարված աշխատանքների արդարացի գնահատականը կտան բնակիչներն ու, ըստ այդմ, պատասխանատուներին տեղում մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել աչալուրջ և հետևողական` որևէ թերություն կամ բացթողում բացառելու համար. <<Մայրաքաղաքում տարեկան ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների մոտ 60 տոկոսն արդեն մոտենում է ավարտին: Կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ և այդ աշխատանքները լինելու են շարունակական ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլև բակային տարածքներում ու երկրորդական փողոցներում: Լուրջ ուշադրություն է դարձվում նաև մայրուղիների հիմնանորոգման խնդրին: Շրջայցի ընթացքում մենք որոշ թերություններ նկատեցինք, որոնք վերացնելու ուղղությամբ տեղում շինարարներին տրվեցին հանձնարարականներ: Պատասխանատուների առջև պահանջը հստակ է դրված` ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին ու որակին>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը:Անդրադառնալով 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման և ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ կամ թերի կատարած կազմակերպություններին՝ քաղաքապետը նշել է, որ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները:2012-ի համակողմանի տարեկան ծրագիրը ներառում է նաև 25 գրունտային ճանապարհներ, այսինքն փողոցներ, որոնք առաջին անգամ են ասֆալտապատվելու: Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, համալիր ծրագրի համաձայն իրականացվում է նաև ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, ինչպես նաև 80 փողոցների մայթերի բարեկարգում:

 

← Վերադառնալ ցուցակին