Լուրեր

Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը

07.06.2012

Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Համոզված եմ, որ այս համաժողովն իր դրական ազդեցությունը կթողնի իրավաբանական մտքի զարգացման գործում՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա բացառիկ փորձը: Հետխորհրդային երկրներն այսօր փորձում են անցնել բարդ փոփոխությունների փուլով, որն ամբողջությամբ և որակապես փոխում է հասարակությունը: Այդ տեսակետից, մենք բոլորս հանդիպում ենք մի շարք յուրահատուկ դժվարությունների և փորձում գտնել մեր ուրույն լուծումները, որոնք հնարավորություն են տալու հին համակարգից անցնել ժամանակակից համակարգի՝ այդ անցումը կազմակերպելով արդյունավետ կերպով»:
Այդ տեսակետից, վարչապետը կարևորել է այն խնդիրները, որոնք համաժաղովի մասնակիցներն արդիական են համարում և համոզմունք հայտնել, որ այս միջոցառումը հնարավորություն կտա ներկայացնել այս բնագավառում հայկական փորձը և իրականացնել մտքերի արդյունավետ փոխանակում:
Համաժողովի նպատակն է ԱՊՀ և միջազգային իրավաբանական ոլորտի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը՝ համատեղ գործարար հնարավորությունների և երկարատև համագործակցության հիմքերի ստեղծման համար: Համաժողովին մասնակցում են մի շարք հեղինակավոր իրավաբանական ընկերությունների 135 ներկայացուցիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին