Լուրեր

Վարչապետը մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային

05.06.2012

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել: Կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել Եվրոպական ժողովրդկան կուսակցության քաղաքական ասեմբլեայի նիստում, որը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանում:
Շատ ուրախ եմ ձեզ դիմելու այս հնարավորության համար:
Նախորդ անգամ ես ելույթ ունեցա այստեղ, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ գտնվում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության ընտանիքին անդամակցելու շեմին: Իսկ այսօր ես այստեղ եմ արդեն որպես ԵԺԿ ընտանիքի անդամ, ինչն ինձ համար և՛ մեծ ուրախություն է, և՛ մեծ պատիվ:
Ինչպես գիտեք, մայիսի 6-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Ուստի, ձեզ հետ հաղորդակցվելու իմ այսօրվա հնարավորությունը ես կօգտագործեմ մեր երկրի քաղաքական կյանքում կարևորագույն նշանակություն ունեցող այս իրադարձության մասին կիսվելու և տեղեկություններ տրամադրելու համար:
Մեծ ուրախությամբ և գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ այդ ընտրություններում, որին մասնակցեցին մեր ընտրողների ընդհանուր թվի 62 տոկոսը: Համամասնական ցուցակներով մենք հավաքեցինք ձայների 44 տոկոսը: Դրան ավելացնեմ, որ մեծամասնական համակարգով նախատեսված 41 տեղերից մեզ բաժին հասավ 29-ը: Այդպիսով, Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովի 131 տեղերից 69 կամ 52 տոկոսը պատկանելու է մեր կուսակցությանը:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցած 9 քաղաքական կուսակցություններից և դաշինքներից 6-ն են անցել խորհրդարան: ԵԺԿ անդամ երկու այլ կուսակցություններն էլ արժանացել են այդ պատվին: «Ժառանգությունը» հավաքել է ձայների 5,8 տոկոսը և ունենալու է 5 տեղ: Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հավաքել է ձայների 5,5 տոկոսը և մեկ տեղ էլ շահելով մեծամասնական համակարգով ունենալու է ընդամենը 6 պատգամավոր խորհրդարանում:
Հանրապետական կուսակցությունը թեև մեծամասնություն է վայելելու նոր խորհրդարանում, բայց և այնպես դիմել է ԵԺԿ անդամ գաղափարակից կուսակցություններին՝ կոալիցիա հիմնելու առաջարկությամբ: Դա է՛լ ավելի արդյունավետ կդարձնի մեր կառավարության աշխատանքը և հատկապես եւրոպական ինտեգրման քաղաքականության իրականացման հարցում, ուր մենք բոլորս կիսում ենք նույն տեսակետները:
* * *
Ըտրությունները ժողովրդավարական հասարակություններում ժողովրդի կամքի արտահայտման կարևորագույն մեխանիզմներից մեկն են: Որքան զարգացած է ժողովրդավարությունը, որքան խորն են նրա արմատները և տևական նրա պատմությունը տվյալ երկրում, այնքան ավելի սահուն են այնտեղ անցնում ընտրությունները, այնքան ավելի քիչ հարցեր են առաջանում ետընտրական շրջանում և այնքան ավելի բարձր է հասարակության վստահության աստիճանը ընտրական գործընթացի և դրա արդյունքների նկատմամբ:
Մեր այս ընտրությունների առանձնահատկու¬թյունը հասկա¬նալու համար հարկ է հաշվի առնել պատմական իրողություններն ու սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել և շարունակում են ազդել մեր երկրի զարգացման վրա և պատասխանել այն կարևորագույն հարցին, թե ինչպիսի՞ հասարակություն է առկա Հայաստանում և ի՞նչ աստիճանի են այստեղ ձևավորվել զարգացած ժողովրդա¬վարությունների չափանիշներին բավարարող ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ նախադրյալները: Միայն այս հարցի պատասխանի միջոցով է հնարավոր անաչառ գնահատական տալ Հայաստանում կայացած ընտրություններին և դրանց անցկացման հարցում իշխանությունների կատարած աշխատանքին:
Նախ՝ Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով փոքր երկիր է, որի մեկ շնչին ընկնող ներքին համախառն արդյունքն այսօր կազմում է ընդամենը 3000 դոլլար: Պատահական չէ, որ Հայաստանի բնակչության գրեթե 1/3 այսօր գտնվում է աղքատության շեմից ցածր:
Կարծում եմ համաձայն եք, որ այս երկու ցուցանիշները ուղղակիորեն առնչվում են ժողովրդավարության հաստատման խնդրին՝ վկայելով, մասնավորապես, տվյալ հասարակությունում տնտեսական անկախություն ունեցող միջին խավի տեսակարար կշռի մասին: Իսկ վերջինիս բավարարաչափ քանակը, իր հերթին, անհրաժեշտ և որոշ դեպքերում անգամ բավարար պայման է տվյալ երկրում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման և հաստատման համար:
Երկրորդ՝ մենք ունենք ժողովրդավարական հաստատություն¬ների կառուցման և զարգացման ընդամենը 20-ամյա պատմություն: Ընդ որում, այդ 20-ամյա պատմության հենց առաջին իսկ տարիներին մենք ունեցել ենք իր չափսերով և հետևանքով աննախադեպ տնտեսական ճգնաժամ, որի արդյուքնում գրեթե 70 տոկոսով կրճատվել է երկրի ներքին համախառն արդյունքը: Այդ նույն տարիների ընթացքում մեզ պարտադրվել է պատերազմ, որը պահանջում էր մեր ողջ հասարակության ուժերի գեր լարումը:
Երրորդ՝ մենք մեր շարժումը դեպի ժողովրդավարություն սկսել ենք՝ ունենալով խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած պետական կառավարման ոչ արդյունավետ և լճացած ինստիտուտներ, որոնք հիմնովի փոխելու կարիքն ունեն: Այդ ինստիտուտները դիմադրություն են ծնում ժողովրդավարացման ցանկացած գործընթացի նկատմամբ: Դրանք նաև գեներացնում են կոռուպցիոն ռիսկեր և նպաստում այդ արատավոր երևույթի պահպանմանը: Եւ պատահական չէ, որ այսօր Հայաստանի հասարակությունում շատ բարձր է կոռուպցիայի ընկալման ցուցանիշը:
Չորրորդ՝ կարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի ժողովրդի քաղաքական մշակույթի առանձնահատկությունը, որը ևս կրում է խորհրդային ավտորիտար անցյալի կնիքը: Թեև մեր ժողովրդի քաղաքական մշակույթը անցած տարիների ընթացքում ենթարկվել է հսկայան տրանսֆորմացիայի, սակայն դրան որոշ դեպքերում դեռևս բնորոշ են այնպիսի դրսևորումներ, որոնք ցավոք հակացուցված են ժողովրդավարության զարգացմանը:
Հինգերրորդ՝ վերջին տարիներին Հայաստանի իշխանու¬թյունները վճռական քայլեր են ձեռնարկում բարեփխումների իրականացման ուղղությամբ. բարեփոխումներ, որոնք պետք է ոչ միայն նպաստեն տնտեսության կայուն աճի համար նախադրյալների ստեղծմանը, այլ նաև հանգեցնեն ժողովրդավարության ամրա¬պնդմանը երկրում: Սակայն, վերջին տարիներին սկիզբ առած համաշխարհային տնտեսական ճգնաժամը դանդաղացրեց մեր այս շարժումը: Մեր կառավարությունն իր ուժերի և ուշադրության առյուծի բաժինը ստիպված էր տրամադրել ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը:
Վեցերրորդ՝ ասվածին հարկ է ավելացնել Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերները և արտաքին շփման սահմանափակումները: Վերջիններս մեր քաղաքական և տնտեսական կյանքի հաստատուն գործոններից են դարձել և լուրջ խոչընդոտ են բարեփոխումների իրականաց¬ման ճանապարհին արագ արդյունքի հասնելու համար:
* * *
Այսպիսով, ունենալով, մեղմ ասած, անբարենպաստ գործոնների նման բեռ, մեր կառավարությունը, հանձն էր առել անցկացնել ընտրություններ, որոնք պետք է որակապես տարբերվեին մեր երկրում անցկացված նախորդ բոլոր ընտրություններից:
Իսկ ինչո՞վ էին բնորոշվում նախորդ ընտրությունները:
Թեև ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մեր երկրում կայացած ամեն մի հաջորդ ընտրություն ավելի լավն էր քան նախորդը, սակայն և այնպես, համաձայն միջազգային դիտորդների տրված գնահատականների, դրանց բոլորին բնորոշ էին այնպիսի թերություններ, ինչպիսիք են զանգվածային լրատվական միջոցներից օգտվելու համար անհավասար պայմանների գոյությունը, ընտրությունների օրը տեղի ունեցող բռնության, լցունումների և անօրինական այլ արարքների առանձին դեպքերը, և այլն:
Այս լսարանում իմ ունեցած նախորդ ելույթում, որը կայացավ 2011 թվականի նոյեմբերի 8-ին, ես տեղեկացրեցի, որ մեր կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություն¬ների և հավաստիացրեցի ձեզ, որ այդ ընտրությունները լինելու են մեր երկրի պատմության մեջ ամենաթափանցիկն ու ամենա¬ժողովրդավարականը: Կարծում եմ մեզ հաջողվեց կատարել այդ խոստումը: Անշուշտ կային թերություններ, որոնց մասին մենք քաջատեղյակ ենք: Սակայն միջազգային և հատկապես եվրոպական արձագանքները խոսում են ժողովրդավարության ամրապնդման հարցում միանշանակ առաջընթացի մասին՝ վկայելով վերոնշյալ իմ խոսքերի ճշմարտացիության մասին:
Առանց կեղծ համեստության պետք է ասեմ, որ մեզ հիրավի հաջողվեց բեկում մտցնել մեր երկրում անցկացվող ընտրությունների պատմության մեջ. բեկում, որը, հավատացած եմ, անշրջելի է դարձնելու մեր երթը ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:
Այս ընտրությունները աննախադեպ էին բազմաթիվ առումներով:
Նախ՝ նախքան ընտրությունները ընդունվել էր Ընտրական նոր օրենսգիրք: Այն, համաձայն միջազգային փորձագետների միահամուռ վկայության, ամուր իրավական հիմք է ապահովում ժողովրդա¬վարական ընտրությունների անցկացման համար:
Երկրորդ՝ մեզ հաջողվել էր ապահովվել հավասար մրցակցային պայմաններ նախընտրական շրջանում: Մրցող կողմերն վայելել են խոսքի, հավաքների և տեղաշարժվելու լիակատար ազատություն:
Երրորդ՝ մրցող քաղաքական ուժերին տրվել են զանգվածային լրատվական միջոցներից օգտվելու բացարձակ հավասար պայմաններ: Սա մեր ամենամեծ նվաճումն էր: Քաղաքական բոլոր ուժերի հեռուստատեսությամբ օգտվելու հավասար ժամեր են տրամադրվել, ինչը խստորեն վերահսկվել է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունները ազատ կերպով տրամադրել են վճարովի և անվճար հեռուստաժամեր նախընտրական պայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին:
Այժմ ավելի «պարզ» ձեռքբերումների մասին:
Ընտրություններին մասնակցում եին 10 միջազգային կառույցների և 54 տեղական ոչ կառավարական կազմակերպություն¬ների շուրջ 28 հազար դիտորդ, ինչն աննախադեպ մեծ թիվ է մեր պատմության մեջ՝ հանդիսանալով հասարակության ակտիվության աճի ակնհայտ դրսևորումներից մեկը:
Նախընտրական պայքարը անցել է խաղաղ և կատարյալ հանգիստ պայմաններում: Չեն գրանցվել բռնության կամ այլ անօրինական դեպքեր նախընտրական շրջանում:
Ընտրությունները ևս անցել են խաղաղ և հանգիստ պայման¬ներում: Բռնության կամ անօրինական գործողությունների ոչ մի դեպք այդ օրը ևս չի գրանցվել:
Ընտրություններից հետո մենք՝ Հայաստանի համար ավանդական դարձած զանգվածային բողոքների ականատեսը չդարձանք: Սա ակնհայտորեն վկայում է, որ երկրում գործող քաղաքական ուժերը կամ ընդունում են ընտրությունների արդյունքները կամ գոնե գիտակցում են իրենց փաստարկների սնանկությունը:
Պատահական չէր նաև, որ եղան բառացիորեն աննշատ թվով բողոքարկումներ, ինչը ևս որակական փոփոխություն էր նախկին ընտրությունների հետ համեմատ:
Եվ վերջինը, բայց ոչ կարևորության առումով, չգրանցվեց լցոնումների ոչ մի դեպք. մի հանգամանք, որը թերևս նախկինում հաճախ է հանդիպել մեր ընտրություններում:
Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր երկրում անցկացված որևէ ընտրություն երբևէ նման բնութագրման չի արժանացել: Անշուշտ կային նաև որոշ թերություններ: Մենք քաջատեղյակ ենք դրանց մասին և բնավ միտք չունենք թաքցել դրանք: Թերությունների շարքում էին ընտրակաշառքի գոյությունը, վարչարարական միջոցների օգտագործումը, ցուցակների որոշ անճշտությունները, և այլն:
* * *
Բնավ չնսեմացնելով իշխանությունների տեղն ու դերը ընտրություններին առնչվող գործընթացներում և չխուսափելով պատասխանատվությունից՝ այնուամենայնիվ ցանկանում են ընդգծել, որ մատնանշված թերությունների մեծամասնությունը պայմանավոր¬ված են հենց այն գործոնների առկայությամբ, որոնց մասին ես հիշատակեցի իմ ելույթի սկզբում:
Միաժամանակ, մենք քաջ գիտակցում ենք համապատասխան եզրահանգումներ կատարելու և մինչև 2013 թվականի սկզբին կայանալիք նախագահական ընտրությունները այդ թերությունները հնարա¬վորինս վերացնելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Ընդ որում, ընտրություններին եղած թերությունների վերացման հարցում մենք ակնկալու ենք եվրոպական կառույցների փորձագիտական օժանդակությունը և հատկապես ԵԺԿ անմիջական աջակցությունը:
Թերությունների վերացման հարցում ամենաշահագրգիռ կողմը Հայաստանի իշխանություններն են: Ակնհայտ է, որ այդ թերությունների վերացումից շահելու է թե՛ մեր հասարակությունը, և թե՛ մեր պետությունը:
Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ես ԵԺԿ տարբեր ամբիոններից բազմիցս խոսել եմ, որ կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր՝ մեր երկրի պետական կառավարման ինստիտուտների բարեփոխման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման նպատակով: Ընտրությունները, լինեն դրանք խորհրդարանական կամ նախագահական, մենք դիտարկում ենք հենց այս քաղաքականության համատեքստում: Արդյունավետ խորհրդարանը և ժողովրդա¬վարությունն առհասարակ պետական կառավարման ինստիտուտների նկատմամբ վերահսկման և թափանցիկության ապահովման լավագույն դեղատոմսն է: Իսկ այդ դեղատոմսը, որն անհրաժեշտ է մեր բարեփոխումների ընդհանուր առաջընթացի համար, կարելի է ձեռք բերել միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Բացի այդ միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով է կարելի ձեռք բերել ժողովրդի այն վստահությունն ու այն լեգիտիմությունը, որը անհրաժեշտ է մեր որդեգրած այդ բպատակներին հասնելու համար:
Ելույթս եզրափակեմ ասելով, որ Հանրապետական կուսակցության օգտին է քվեարկել 664 440 քաղաքացի, ինչը կազմում է ընտրական իրավունք ունեցողների մեկ քառորդից ավելին: Այս թվերը, անկասկած, վկայում են այն մասին, որ մենք հիրավի վայելում ենք ժողովրդի աջակցությունը: Սա, ինչ խոսք, հսկայական պարտա¬վորություն է մեր կուսակցության համար: Սակայն, սա նաև մեծ հնարավորություններ է բացում մեր առջև: Մենք գիտակցում ենք, որ ունենալով մեծամասնություն խորհրդարանում, մեր կուսակցությունը կարող է վստահությամբ և է՛լ ավելի արագ տեմպերով իրականացնել երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումները՝ շարժվելով միաժամանակ եվրոինտեգրման ճանապարհով:
Շնորհակալություն:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին