Լուրեր
Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Առևտրի պալատի նախագաhի հետ
04.06.2012
Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը, ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
<<Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և ողջունում է այն բոլոր ներդրումային առաջարկությունները, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ձևավորված բարենպաստ բիզնես միջավայրը հնարավորություն կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում>>,- նշել է քաղաքապետը:Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ` առանձնացնելով հասարակական տրանսպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից կքննարկվեն ներկայացվող առաջարկները, և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն: