Լուրեր

Մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը

31.05.2012

Մայիսի 31-ին Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.

«Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին եւ, կարծում եմ, նաեւ լավ հիմք գալիք հինգ տարիների համար: Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են եւ բնականաբար ապահովելու են Ազգային Ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը: Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր եւ մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն:

Ինձ համար, կարծում եմ նաեւ այս դահլիճում ներկա շատերի համար, դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները: Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ, կրկին ուշադրությամբ արձանագրել եւ մեկ առ մեկ ցուցակագրել ենք մարդկանց այսօրվա հոգսերն ու խնդիրները: Իսկ մարդիկ մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են, որովհետեւ հույսեր են կապել: Իմ ցանկությունն է, որ աշխատենք այնպես, որպեսզի ոչ ոք չզղջա իր ընտրության համար եւ որպեսզի արդարացնենք բոլորի հույսերը: Մենք կարող ենք շատ բան անել: Դուք կարող եք շատ բան անել: Դուք Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն ենք:

Այստեղ ներկա յուրաքանչյուր պատգամավորի թիկունքին հազարավոր ձայներ կան, այսինքն` հազարավոր մարդիկ: Այդ ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը Ազգային Ժողովն է, ընդունված որոշումներն ու օրենքներն են: Սա պատվաբեր եւ պատասխանատու առաքելություն է:

Հարգելի գործընկերներ,

Կարծում եմ` մենք ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական ազդեցիկ ուժերը: Ուրախ եմ, որ նախորդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կրկին տեղեր ստացան օրենսդիր մարմնում, եւ շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսի մուտքը Հայաստանի խորհրդարան:

Չեմ կարծում, թե որեւէ լուրջ գաղափար կամ միտք, որը կծնվի մեր հասարակության որեւէ հատվածում, ցանկության եւ անհրաժեշտության դեպքում չգտնի դեպի Ազգային Ժողովի ամբիոն տանող ճանապարհը: Վստահ եմ նաեւ, որ մեր պատգամավորները երբեք չեն սահմանափակվի զուտ գրասենյակային աշխատանքով, եւ հասարակություն-խորհրդարան կապը խիստ գործնական հիմքերի վրա կլինի:

Այստեղ ներկա են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են եւ ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ: Այո, կլինեն բանավեճեր, միգուցե երբեմն նաեւ սուր, կլինեն համաձայնություններ տարբեր հարցերի շուրջ կամ յուրաքանչյուրը կմնա իր կարծիքին, կհասկանաք իրար, երբեմն` ոչ: Էականն այն նպատականերն են, հանուն որոնց մենք մտնում ենք քաղաքական բանավեճի դաշտ: Էական են նաեւ միջոցները, որոնք մենք ընտրում ենք նպատակներին հասնելու ճանապարհին: Իշխանության տարբեր, այդ թվում եւ խորհրդարանական լծակներին տիրապետելն, օրինակ, միջոց է բոլորիս համար կարեւոր նպատակներին` Հայաստանի հզորացմանը, մեր ժողովրդի կենսամակարդակի կտրուկ ավելացմանը, արտագաղթի կասեցմանը, մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը եւ մյուս նպատակներին հասնելու ճանապարհին: Երբ միջոցները դառնում են ինքնանպատակ, կամ որ ավելի վատ է, երբ իրական նպատակները դառնում են միջոցներ, իսկ միջոցները` նպատակներ, խաթարվում է քաղաքական բանավեճի տրամաբանությունը, կորում է իմաստը:

Այո, նպատակը երբեք չի արդարացնում միջոցները: Սխալ միջոցներով ձեռքբերված նույնիսկ ամենալավ նպատակը, միեւնույն է, ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք շատ բան ունենք սովորելու ցավոք հենց մեր սխալներից, եւ ուզում եմ հուսալ, որ ապագայում ավելի քիչ սխալներ կանենք:

Կարծում եմ, որ բոլորս, տվյալ դեպքում այս դահլիճում ներկա պատգամավորները, առաքելություն ունենք ձեւավորելու քաղաքական պայքարի եւ գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների եւ տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումները մեր երկրում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին եւ մեր ժողովրդին համատեղ ուժերով բավական հասուն ընտրություններ անցկացնելու համար: Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն պետք է էապես լավը լինի, քան նախորդներն են եղել: Մեզ հաջողվեց այդպիսի ընտրություններ անցկացնել, եւ մեզ կհաջողվի նաեւ էապես բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը:

Անձամբ ես տրամադրված եմ աշխատելու. եւ աշխատելու բոլորի հետ փոխադարձ հարգանքի եւ համագործակցության մթնոլորտում: Հուսով եմ, որ աշխատելու ենք նոր եռանդով ու ոչ մի վայրկյան չենք մոռանալու, թե ինչի համար են մեզ ընտրել, ինչ ենք մենք խոստացել մեր ընտրողներին, թե ով է մեզ տվել այն իշխանությունը, որ այսօր մենք այստեղ ներկայացնում ենք:

Վերջում կրկնեմ եւ մեկ անգամ եւս առաջարկեմ միշտ հիշել, որ ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահելու մեր սահմանած կանոնները: Փոխադարձ հարգանքի սահմանները: Ինքներս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների պահապանն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պաշտպանը: Մենք ենք եւ ուրիշ ոչ ոք:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս, եւ բարի երթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքներին»:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ օրհնանքի խոսք ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգարժան պատգամավորներ եւ ներկաներ.

Ողջունում եւ շնորհավորում ենք Ձեզ նորընտիր Խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման առիթով:

Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու Ձեզ, հարգարժան պատգամավորներ, երբ Դուք Աստծու եւ մարդկանց առաջ այսօր ստանձնում եք Ձեր պարտականությունները եւ որպես ներկայացուցիչներն ու կամքի արտահայտողները մեր ժողովրդի` սկսում պատասխանատու, հայրենանվեր Ձեր առաքելությունը: Դուք Խորհրդարան եք եկել Ձեր կուսակցությունների օրենսդրական ծրագրերով, Հայաստանի առաջընթացի հեռանկարներով, Ձեր ջանքերը մեր երկրին եւ ժողովրդին ծառայեցնելու հանձնառությամբ ու կամքով:

Խորհրդարանի օրենսդրական գործունեությունը հիմք եւ ուղենիշ է, պայման ու երաշխիք երկրի զարգացման համար: Մեր երկիրը նախորդ երկու տասնամյակներում օրենսդրական փոփոխությունների նշանակալի ճանապարհ է անցել` հաստատելով ազատ ու ինքնիշխան պետականության եւ ժողովրդավարական հասարակության հիմքերը: Այդ ձեռքբերումները զորացնում են մեր ժողովրդի արդար հույսերը` կառուցելու բարեշեն ու բարգավաճող Հայրենիք: Անհրաժեշտ ու կարեւոր է շարունակական ընթացքը բարեփոխումների, որն առաջիկա տարիներին պիտի իրագործվի Ձեր ջանադիր գործունեությամբ, Ձեր նվիրյալ ծառայությամբ: Ձեր ուսերին է ծանրացած պատասխանատվությունը` կանոնակարգելու եւ ուղղորդելու Հայաստանի պետական եւ հասարակական կյանքի ընթացքները, օրենքի կարգավորումով ապահովելու մեր երկրի կայունությունն ու ներդաշնակ զարգացումը, մեր կյանքի դժվարությունների ու խնդիրների հաղթահարման ուղիները: Ձեզ վստահված այս կարեւոր առաքելության մեջ Ձեզ առաջնորդող ունեցեք հավատքը, բարոյական արժեքներն ու սկզբունքները, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում, ում սրտում իր Աստծու օրէնքն է, նրա երթն անսայթաք կլինի (Սղմ. ԼԶ 31): Ձեր կողմից մշակված օրենքներն ու առնված որոշումները` արտահայտելով մեր երկրի եւ մարդկանց հանդեպ սեր եւ հոգածություն, իրենց առաջադրած պահանջներով եւ արդյունքներով կդառնան արդարության եւ իրավունքի հաստատուն ճանապարհ եւ օրհնություն, բարիք ու զորություն կբերեն մեր կյանքին: Հայրենիքում եւ Սփյուռքում մեր ժողովուրդը անհոգնաբեկ, անվհատ ջանք ու նվիրում է բերում կերտելու համար բարօր ու զարգացող կյանքը հայրենի մեր երկրի, ձգտում օր առաջ մարմնավորված տեսնել Արարատի հովանու ներքո հզոր ու ծաղկուն Հայաստանի դարավոր տեսիլքը մեր հայրերի, որն այսօր մեր տեսիլքն է, մեր պարտքը, եւ իրականություն պիտի դառնա յուրաքանչյուրիս գործունեությամբ: Միշտ հիշելով մեր ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության մասին, որը սուրբ է, ամենայն նախանձախնդրությամբ ջանք ու աշխատանք ներդրեք հանուն մեր Հայրենիքի զորացման, մեր ժողովրդի նվիրական իղձերի մարմնավորման: Այս է Հայրապետական Մեր պատգամը Ձեզ, հարգարժան պատգամավորներ:

Մաղթում ենք, որ միշտ արթուն ու արծարծ լինեն Ձեր հոգում հավատքն առ Աստված, սերը մեր Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ եւ լավատեսությունը աշխարհասփյուռ ազգիս լուսավոր գալիքի: Մեր աղոթքն է, որ Տերը քաջառողջ ու քաջակորով պահպանի Ձեզ, առաջնորդի իմաստության եւ ճշմարտության Իր Սուրբ Հոգով եւ առատորեն արգասավորի Ձեր գործունեությունը` ի փառս Աստծո եւ ի պայծառություն մեր Հայրենիքի»:

Հայրապետական խոսքի ավարտին` միասնական Տերունական աղոթքից հետո, Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվեցին.

«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացրեց պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անուն-ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցության դաշինքի անվանումը:

Այնուհետեւ նիստը վարողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը`

1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն

2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն

3. Ազգային ժողովի փոխնախագահների ընտրություններ

4. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում

5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

6. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Օրակարգային առաջին հարցի հետ կապված` ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն առաջարկեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում ընտրել 7 պատգամավոր, որից 2-ը` ՀՀԿ-ից, իսկ մյուս քաղաքական ուժերից` 1-ական թեկնածու, ինչն ընդունվեց քվեարկությամբ: ՀՀԿ-ից առաջադրվեցին Ռաֆիկ Գրիգորյանը եւ Տաճատ Վարդապետյանը, ԲՀԿ-ից` Վահագն Մախսուդյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը, իսկ «Ժառանգության» եւ «Հայ ազգային կոնգրեսի» թեկնածուների տեղերը թափուր մնացին այդ քաղաքական ուժերի բացակայության պատճառով:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռաֆիկ Գրիգորյանը:

ԱԺ կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի նախագահի ընտրությունն սկսվեց թեկնածուի առաջադրմամբ: ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ Հանրապետության Նախագահին նման վստահության համար, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությանը, բոլոր իմ գործընկերներին:

Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման խորհրդարանը` այս խորհրդարանը, ներկայացուցչական մարմին է բառի ամենաուղղակի իմաստով. այսօր Ազգային ժողովում ներկայացված է Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտն իր ամենալայն ներկապնակով: Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է լավ ընտրությունների միջոցով ձեւավորել ուժեղ օրենսդիր մարմին: Վստահ եմ, որ ներկա Ազգային ժողովը մեր երկրում պառլամենտարիզմի ավանդույթները նոր մակարդակի է բարձրացնելու եւ դառնալու է քաղաքական միջավայրի հասունության իսկական խորհրդանիշ:

Ասել, որ մեծ հպարտություն ու լուրջ պատասխանատվություն եմ համարում նման խորհրդարանի ղեկավարի պաշտոնին առաջադրվելը, նշանակում է քիչ բան ասել: Ես լավ պատկերացնում եմ` ինչպիսի դերակատարություն է վերապահվելու Ազգային ժողովի նախագահին եւ հաստատապես պատրաստ եմ դրան:

Դեռ ընտրապայքարի ընթացքում ուշադրությամբ հետեւել եմ այսօր արդեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող նպատակադրումներին եւ ուսումնասիրել եմ բոլոր ծրագրերը: Տեսել եմ ահռելի ընդհանրություն հնչեցված խոսքի ու հռչակած մտադրությունների մեջ.

- բոլորն էլ առաջ էին քաշում սեփական ուժերին հավատալու անհրաժեշտությունը,

- բոլորն էլ պնդում էին փոփոխությունները շարունակելու կարիքը,

- բոլորն էլ ասում են, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը մեր կյանքի արատավոր երեւույթների դեմ,

- բոլորն էլ խոսում են մարդու որպես մեր երկրի ամենաէական եւ հիմնարար արժեքի մասին:

Դա շատ լավ է:

Դա նշանակում է, որ մեր հասարակությունը կայացել է որպես հավաքական պահանջարկ ձեւավորող սուբյեկտ:

Դա նշանակում է, որ այդ կայացումն արդեն անշրջելի է:

Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր ուժերը ակամայից համաձայնության են եկել ընդհանուր արժեքային համակարգի շուրջ:

Վերջիվերջո, դա նշանակում է, որ մենք բոլորս էլ, որքան էլ իրար քննադատենք, իրականում իրար շատ մոտ ենք մեր երկրի ապագայի պատկերացումների առումով եւ պատրաստ ենք միեւնույն ճիշտ ուղղությամբ տանել մեր երկրի զարգացումը:

Ես հավատում եմ, որ մենք բոլորս էլ մեր երկրի հայրենասեր քաղաքացիներն ենք: Եվ այս տրամաբանությամբ կառուցված ընտրապայքարում հաղթել է ոչ թե մեկ քաղաքական ուժ, այլ ամբողջ Հայաստանը եւ մեր ժողովուրդը:

Համոզված եմ, որ սա միայն ու միայն ավելի ուժեղ է դարձնելու մեր երկիրը: Վստահ եմ, որ դրանում շատ արագ կհամոզվենք Ազգային Ժողովի գործունեության արդեն առաջին մի քանի ամիսների ընթացքում:

Եկել է աշխատելու ժամանակը:

Ու պիտի աշխատենք բոլորս միասին: Որովհետեւ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները կարելի է միայն համագործակցաբար լուծել, որովհետեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը կարելի է միայն միասնաբար բարձրացնել:

Հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ իմ ծրագրային մոտեցումները չեն փոխվել: Ընդհակառակը, անցած տարիների ընթացքում, հասցնելով տիրապետել խորհրդարանի գործունեության ամենաաննկատ կողմերին, անտեսանելի նրբություններին, ես այսօր առավել քան վստահ եմ ուժեղ եւ արդյունավետ խորհրդարանի վերաբերյալ իմ մոտեցումներում:

1. Այսօր էլ կրկնում եմ, որ խորհրդարանի բնականոն եւ արդյունավետ գործունեության համար առաջնային նշանակություն ունի փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության եւ գործընկերության մթնոլորտի ապահովումը: Այս առումով պատահական չէ, որ ստանալով Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն, Հանրապետական կուսակցությունը, ինչպես եւ նախկինում, այսօր էլ հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:

Հինգ տարի մենք աշխատելու ենք միասին: Շատ բան ենք իմանալու միմյանց մասին, բազմաթիվ շինծու միֆեր են ցրվելու, շատ առիթներ են լինելու ներքուստ համոզվելու նախկին որոշ պատկերացումների կեղծության մեջ եւ կրկին հիշելու, որ պարտադիր չէ, որ մեր մտավախությունները լինեն դիմացինի մտադրությունները: Այս խորհրդարանը լավ խորհրդարան է լինելու եւ հեղինակության խնդիր չի ունենալու: Համենայն դեպս ես եռանդ չեմ խնայի դրա համար:

Ամեն ինչ անելու եմ նաեւ, որ ցանկացած բանավեճ կամ անհամաձայնություն երբեւէ չանդրադառնա խորհրդարանի բնականոն գործունեության եւ աշխատանքային մթնոլորտի վրա:

2. Ազգային ժողովը քաղաքական կյանքի առաջնային ամբիոնն է: Սա է քաղաքական բանավեճի բարձրագույն հարթակը: Այս դահլիճում են սկսվելու եւ ավարտվելու քաղաքական մտքի բոլոր հիմնական զարգացումները մեր երկրում եւ այստեղ են հատվելու Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ մոտեցումներն ու տարբերվող տեսակետները: Ես եռանդ չեմ խնայելու բաց, ակտիվ եւ ծանրակշիռ դերակատարությամբ Ազգային ժողով կայացնելու ճանապարհին: Միասին ենք կայացնելու:

Օրինաստեղծ աշխատանքը դնելու ենք պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ինչ խոսք, միշտ էլ կլինի պոպուլիստական հռետորաբանություն, կլինեն երեւակայականը իրականի տեղ մատուցելու փորձեր. եւ դա բնական է: Բայց դա լինելու է բացառությունը, ոչ թե օրինաչափությունը, իսկ օրինաչափությունը լուրջ, համակողմանի կշռադատված, ամենօրյա հետեւողական օրինաստեղծ աշխատանքն է լինելու, ինչի համար էլ մենք առաջին հերթին հավաքվել ենք այստեղ:

3. Ազգային ժողով-կառավարություն հարաբերությունները տեսնում եմ դինամիկ զարգացման հարթությունում: Այո, կառավարությունը ձեւավորում է իշխող քաղաքական ուժը եւ ես, որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ունեմ կառավարության գործունեության վրա ազդելու ներկուսակցական հարթությունը: Միեւնույն ժամանակ ես համոզված եմ, որ անկախ առկա այլ մեխանիզմերից, Ազգային ժողովն է, որ պետք է եւ կարող է առավել ընդգրկուն կերպով դիտարկել իրականացվող քաղաքական տարբեր ասպեկտները եւ նոր երանգներ հաղորդել: Չկասկածեք, որ որպես խորհրդարանի նախագահ ես չեմ վարանելու լինել կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք իմ կարծիքով լուծվում են անբավարար արդյունավետությամբ կամ արագությամբ: Միեւնույն ժամանակ ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը, քանի որ ինձ համար չկան ինքնանպատակ գերատեսչական կամ կուսակցական շահեր, կա միայն Հայաստանի ու մեր ժողովրդի շահը եւ հանուն դրա իրականացվող գործունեությունն եմ միայն համարում արդարացված:

4. Եվ վերջապես, ներկա իրողությունների պայմաններում մենք պետք է լուրջ տեղ հատկացնենք խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Մեր որոշ հարեւաններ լայն թափով հակահայ գործունեություն են ծավալում աշխարհի գրեթե բոլոր քաղաքական հարթակներում: Նման ռեսուրսների դիմաց մենք պարտավոր ենք առավել արդյունավետ օգտագործել մեր բոլոր հնարավորություններն ու մեխանիզմները: Այս հարցում մեծ դեր ունի նաեւ խորհրդարանը, եւ մենք բոլորս շատ ակտիվ պետք է լինենք ամենատարբեր ձեւաչափերում մեր երկրի շահերին հետամուտ լինելու հարցում:

Սրանք էին իմ հիմնական մոտեցումները Ազգային ժողովի գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ: Դրանք չեն փոխվել վերջին տարիների ընթացքում: Փոխվել են միայն իմ համոզմունքները խորհրդարանի, համագործակցային միջավայրի եւ համատեղ աշխատանքի դրական ներուժի մասին: Դրանք շատ ավելի ամուր են դարձել: Եվ ես պատրաստ եմ իմ այդ համոզմունքներով վարակել յուրաքանչյուրին:

Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ ինձ աջակցելու համար:

Շնորհակալություն»:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Գալուստ Սահակյանը եւ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրին, որ նախորդ օրը գումարվել են ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերը, եւ միաձայն առաջարկություն է եղել պաշտպանելու Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Նրանք բարձր գնահատեցին թեկնածուի մարդկային ու մասնագիտական արժանիքները` նշելով, որ Հովիկ Աբրահամյանը նախորդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնում կատարած իր աշխատանքով արդեն ապացուցել է, որ կենսափորձ ունեցող ու լայնախոհ քաղաքական գործիչ է:

Խոսրով Հարությունյանի գնահատմամբ` Հովիկ Աբրահամյանը նախորդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնավարման ընթացքում իրեն դրսեւորել է լավագույն կողմերով, բարձրացրել է խորհրդարանի քաղաքական հեղինակությունն ու կշիռը` պահպանելով իշխանությունների տարանջատման սկզբունքը:

ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանին հորդորեց ընտրվելու դեպքում ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը եւ թույլ չտալ, որ կանոնակարգային խախտումներ կատարվեն:

ԱԺ կանոնակարգի համաձայն` տեղի ունեցավ ԱԺ նախագահի` գաղտնի քվեարկությամբ ընտրությունը:

Ընտրությունից հետո ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը հրապարակեց ընտրության արդյունքները, ըստ որի` Ազգային ժողովի նախագահի ընտրությանը մասնակցել է 110 պատգամավոր, քվեաթերթիկներից 4-ը անվավեր է ճանաչվել եւ 102 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետեւ Ազգային ժողովն անցավ խորհրդարանի փոխնախագահների ընտրություններին:

← Վերադառնալ ցուցակին