Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

29.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահը ողջունել է բարոնուհուն և բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին և Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ և մշտապես երախտագիտությամբ է հիշում ու գնահատում նրանց: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարոնուհի Քերոլայն Քոքսի անունը պատմության մեջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում հիշատակելու են որպես մեր ժողովրդի մեծագույն բարեկամի:

Նախագահ Սերժ Սարգսյանը և բարոնուհի Քոքսը խոսել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, մեր երկրի զարգացման առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին, կարևորել միջազգային հանրությանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ անաչառ և լիարժեք տեղեկատվության տրամադրման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին