Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2012

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել: Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու: Եվ բնական է, որովհետև սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, և որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները: Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը և շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության և քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա: Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ և կռվի դաշտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վհատվածները լցվեցին հույսով, հավատացին իրենք իրենց և փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստան երկրի հանդեպ: Մայիսի 28-ն ինձ համար հատկապես թանկ է նրանով, որ այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը:

Ավելին՝ փայլուն ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաև օտարների գնահատականը: Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան և չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք բոլոր հարևաններին, հեռու և մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք և կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք և չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր և նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակները:

Մյուս կողմից՝ մեր հռչակած հանրապետությունը որդեգրեց ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության և իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այդ պահին գոյություն ունեին աշխարհում: Մենք պետականորեն որդեգրեցինք համամարդկային ու ազգային արժեքներ՝ համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց:

Մենք հեռու ենք մեր առաջին հանրապետությունը իդեալականացնելու մտքից: Չենք մոռացել, որ այն նաև սովի, համաճարակների, գաղթականության և կիսամեռ որբերի երկիր էր: Բայց դրանով նա մեզ համար դառնում է ավելի թանկ: Մայիսի 28-ին հիմք էր դրվել նոր պետական կառույցի, որն ստանձնել էր մի հինավուրց ժողովուրդ կործանումից փրկելու առաքելությունը:

Սակայն, կրկնում եմ, կատարվել էր ամենակարևորը. ծնվել էր հոգեբանորեն և քաղաքականապես նոր հայը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք և պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր: Մաղթում եմ, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին:

← Վերադառնալ ցուցակին