Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունեց ֆրանսիացի սենատորների խմբին

25.05.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 25-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին:

Ողջունելով հյուրերի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ Լեռնային Ղարաբաղ նրանց կատարած այցելությունը, նշելով, որ Արցախն ու նրա ժողովուրդը նվաճել են ազատ ապրելու իրենց իրավունքը եւ չպետք է անտեսված լինեն միջազգային հանրության կողմից: Նա վստահություն հայտնեց, որ սենատորները հնարավորություն են ունեցել համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական, կայացած պետություն է: Խորհրդարանի նախագահը կարեւորեց միջազգային հանրության կողմից այս իրողության ճանաչումը: «Ղարաբաղի մրցակցային առավելությունը ժողովրդավարությունն է»,-նշեց պարոն Նիկոյանը: Նա համոզմունք հայտնեց, որ սենատորները կշարունակեն հայանպաստ գործունեությունը, իրենց ներդրումը կունենան ինչպես Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Նշվեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կայուն զարգացող փոխհարաբերությունների համար նշանակալի գործոն են եղել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ ֆրանսահայ մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի բոլոր այն խորհրդարանականներին, որոնք կողմ էին քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Նրա խոսքով, համամարդկային արժեքներին հետամուտ Ֆրանսիայի այդ քայլը կարեւորվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման գործընթացի առումով, այլեւ դրանով կամրապնդվեն առհասարակ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կանխման մեխանիզմները: Խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Ֆրանսիան այս հարցում հետեւողական կլինի:

Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաեւ միջխորհրդարանական երկկողմ համագործակցությանը, նշելով ձեւավորված լավ ավանդույթների հետագա զարգացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, սենատոր Ֆիլիպ Մարինիին նշեց, որ տպավորված են Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցելություններից:

«Ղարաբաղում մենք տեսանք ժողովրդավարական արժեքների համար պայքարող մի ժողովուրդ, որը հաստատակամ է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու հարցում, ինչը նրանց հաջողվում է, -ասաց Սոֆի Ժուասենը:-Այստեղ մենք տեսանք ուժեղ երիտասարդություն, որը տեր է իր պատմությանն ու մշակույթին, համամարդկային արժեքներին, թեեւ դրանց պաշտպանությունը նրան հեշտ չի տրվում»:

Տիկին Ժուասենը նշեց, որ ձեռնունայն չէր եկել Ղարաբաղ. այժմ աշխատանքներ է տանում Ստեփանակերտը եւ Էքս ան Պրովանսը քույր քաղաքներ հռչակելու համար:

Կողմերն անդրադարձան հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերին, այլ ոլորտներին առնչվող հարցերի եւս:

← Վերադառնալ ցուցակին