Լուրեր

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագիծ

23.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք բազմիցս հանրության հետ քննարկել ենք Երևանի ճարտարապետական տեսքի պահպանման վերաբերյալ հարցեր և եկել հետևյալ եզրահանգման. Կան տարբեր մոտեցումներ` ինչպիսին պետք է լինի Երևանը և մանավանդ քաղաքի կենտրոնը: Որպեսզի այս հարցը կարողանանք վերջնականապես լուծել, պայմանավորվել ենք մշակել օրենքի նախագիծ և դրանով փորձել այնպիսի լուծումներ տալ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Այդ պարագայում ցանկացած խնդիր, որը վերաբերում է Երևանի և, մասնավորապես, «Փոքր կենտրոնի» ճարտարապետական տեսքին, հասկանալի կլինի բոլորի համար, որոշումները կլինեն թափանցիկ և բոլորը կհասկանան, որ այդ ընթացակարգերով ընդունված որոշումներն ընդունելի և ընկալելի են, չնայած որ, իհարկե, շատ հաճախ ճարտարապետները միևնույն խնդրի շուրջ ունենում են տարբեր մոտեցումներ և դա միայն Երևանին բնորոշ չէ»: Կառավարության ղեկավարն ասել է, որ Երևանում ցանկացած օբյեկտի շուրջ առկա են տարբեր կարծիքներ և չկա այնպիսի որոշում, որը բոլորին կբավարարի: Վարչապետը կարևորել է որոշումների ընդունման ընթացակարգի շուրջ համաձայնությունը, քանի որ դրանք պետք է լինեն բաց, թափանցիկ և հաշվի առնեն ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության կարծիքը:
«Այդպիսի ընթացակարգերը, ինչպես այսօր թելադրում է միջազգային լավագույն փորձը, մենք ցանկանում ենք նաև ներդնել Հայաստանի Հանրապետությունում՝ օրենքի տեսքով: Դրա համար որոշել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը և կզբաղվի այս օրենքի մշակմամբ: Հասարակությունն սպասում է այս օրենքի նախագծին և մենք էլ պարտավոր ենք այնպիսի նախագիծ ներկայացնել, որպեսզի արդարացնենք քաղաքացիների սպասելիքները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն և առաջարկել է այդ աշխատանքներին ևս ներգրավվել աշխատանքային խմբի մասնակիցներին:
Այնուհետև, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները և ողջունել օրինագծի վերաբերյալ նախաձեռնությունը:
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը:


 

← Վերադառնալ ցուցակին