Լուրեր

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային

23.05.2012

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Երևան Ջուր>> ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:
Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը` Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ:<<Հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրները և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ ապահովվի բնակչության գոհունակությունը: Իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովելու հարցում անելիքներ դեռ շատ կան>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` <<Երևան Ջուր>> ընկերության միջազգային առաքելությունների ղեկավար, տնօրենների խորհրդի անդամ Պիեր Բրյունեն նշել է, որ շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման հարցում լուրջ ներդրումներ են հարկավոր, և ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ:
Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային, և կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները:

← Վերադառնալ ցուցակին