Լուրեր

Հրաժեշտի հանդիպում IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարի հետ

23.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով մեր երկիր է ժամանել իր առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր երկարաժամկետ համագործակցությունը դրական արդյունքներ է տվել: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև Ձեր փորձը և գիտելիքները մշտապես օգտակար են եղել մեզ համար, և այն առարկայական ժառանգությունը, որ այսօր ունենք, դրա վառ վկայությունն է: Ուրախ եմ նաև, որ IFAD-ի հետ համագործակցությունը շարունակվում է, ինչում մենք շահագրգռված ենք»:
Իր հերթին Հեննինգ Պեդերսենը գոհունակութամբ է խոսել IFAD-ի ֆինանսավորմամբ մեր երկրում իրականացված ծրագրերի մասին և բարձր գնահատել այդ գործում ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել IFAD-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքի վերաբերյալ, արծարծվել են դրանց հետագա իրագործմանն առնչվող հարցեր: Պարոն Պեդերսենը տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է IFAD-ի պատվիրակության հաջորդ այցը` համագործակցության հեռանկարային ուղղությունները և նոր ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարին հանձնել է շնորհակալագիր-նամակ` Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների զարգացման գործում 15-ամյա արդյունավետ համագործակցության, Հայաստանի 6 ծրագրերի հաջող կառավարման, գյուղական ֆինանսական ծրագրերում նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաև անձնական ու մասնագիտական բարձր որակների համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին