Լուրեր
ՀՀ Նախագահը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան
21.05.2012
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարներին ներկա գտնվել այս տարվա սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին: Այս մասին մայիսի 21-ին կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամուրջի ընթացքում նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այս առնչությամբ առաջին շտաբային բանակցություններն արդեն կայացել են, շուտով կանցկացվեն նաև երկրորդ շտաբային բանակցությունները: Զորավարժություններին կմասնակցեն վեց պետություններ, այսինքն` ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները, բացի Ուզբեկստանից»,- նշեց Բորդյուժան:
Զորավարժությունների տեխնիկական հարցերի շուրջ քննարկումներ են կայացել նաև ՀԱՊԿ պաշտպանության նախարարների և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների նիստերում:
«Պատրաստությունները շատ ակտիվ են ընթանում: Այս հարցում շատ ակտիվ է հայկական կողմը»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաև նշեց, որ դեռևս վաղ է խոսել զորավարժությունների մասնակիցների քանակի մասին:
Բորդյուժան տեղեկացրեց նաև, որ այս տարի Ղազախստանում կայանալու են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները: