Լուրեր

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է հայ ժողովրդին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

15.05.2012

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում մայիսի 15-ի` Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է հայրենակիցներին: «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատեւման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է»,- նշված է գրառման մեջ: Քաղաքապետը նկատում է, որ մեր` հայերի համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ դաստիարակվելով, մեր ստացածը խնամքով պահպանում ու փոխանցում ենք մեր հաջորդ սերնդին:

Ողջունելով մեր առօրյայում նորի ու նորագույնի ներդրումը` Տարոն Մարգարյանն, այդուամենայնիվ, ավանդապաշտ է ու հայ ընտանիքի, հայ օջախի ջատագով: Այս հարցում քաղաքապետը վստահ է` երբեք չի ընդունի օտարածին, մեզ համար խորթ նորամուծություններ: «Շնորհավորելով բոլորիս` Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս ամուր, ավանդապահ, փոխադարձ հարգանքով ու սիրով լեցուն, տաք ու միշտ կանչող ընտանիքներ: Սիրենք ու պաշտպանեք մեր ընտանիքները ու թո՛ղ, որ բոլոր հայ օջախներում հավերժ թեւածի ուրախությունն ու խաղաղությունը, ու թո՛ղ, որ ամեն հայ օջախ իրապես սեղան նստի յոթ որդիներով»,- նշում է քաղաքապետը:

← Վերադառնալ ցուցակին