Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
15.05.2012
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը:
ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց համագործակցությունը ու կպահպանվեն բարեկամական կապերը, առավել ևս որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ դաշնակցային հարաբերություններ են: Դմիտրի Մեդվեդևը Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունն ստացած նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: ՌԴ կառավարության նախագահը ցանկացել է, որպեսզի դա անհրաժեշտ նախադրյալ լինի Հայաստանի Հանրապետության առաջընթաց, արդյունավետ զարգացման և, իհարկե, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար, այդ բոլոր գործընթացներին ամեն կերպ կաջակցի: Հայաստանն ու Ռուսաստանը, ՌԴ կառավարության նախագահի խոսքով, մնում են լավ բարեկամներ և դաշնակիցներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: