Լուրեր

Սամվել Նիկոյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը

14.05.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 14-ին ընդունեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ` պարոն Նիկոյանը վսահություն հայտնեց, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր կթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այնպես էլ Ազգային ժողովների միջեւ եղած հարաբերությունների զարգացման համար: ԱԺ նախագահը սերտ եւ ջերմ որակեց հաստատված հայ-կորեական եւ միջխորհրդարանական հարաբերությունները` կարեւորելով դրանց շարունակականությունն ու խորացումը: Նա ընդգծեց Ազգային ժողովների` որպես ներկայացուցչական մարմինների, դերը խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման ուղղությամբ` ինչը համընդհանուր խաղաղության եւ բարեկամական մթնոլորտի հաստատաման գրավականներից է:

Պարոն Նիկոյանը գոհունակությամբ նշեց երկու երկրների խորհրդարանների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող լավ փոխհարաբերությունները. 2009 թվականին ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հարավային Կորեա, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության եւ փոխըմբռնման հուշագիր` նոր ազդակ տալով երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Արդյունավետ են գործում նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերը. կորեական կողմը այցելել է ՀՀ Ազգային ժողով, նոր ուղղություններ են նախանշվել երկկողմ համագործակցության համար:

Երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը, ինչպես նաեւ` համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի կառավարությանը, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ հիմնովին վերանորոգել եւ ժամանակակից սարքավորումներով ապահովել խորհրդարանի նիստերի դահլիճը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԿՀ ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոն նշեց, որ վերջին քսան տարում հայ-կորեական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել, ինչն ապագա համագործակցության հեռանկարներին լավատեսորեն նայելու հիմք է տալիս: Հունիսին կնշվի հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում գործում է կորեական բաժին, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային, այլ ոլորտներում, եւ Հոն Ջաե Հյոնի խոսքով` խորհրդարանների խնդիրն է ապահովել նպաստավոր օրենսդրական դաշտ: Երկու երկրներում էլ ձեւավորվում են նոր խորհրդարաններ եւ երկուստեք հույս հայտնվեց, որ կշարունակվեն համագործակցության ստեղծված ուղղությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` առկա է մեծ ներուժ Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար ամենատարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

Նա նաեւ հույս հայտնեց, որ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի Կորեական թերակղզում հասնել երկարատեւ խաղաղութան` պայմաններ ստեղծելով կորեական ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար:

Ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում էր նաեւ պատգամավոր Նահ Յոուն Մին, ով ներկայացրեց իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը: Վերջինիս առաջին գլխում պատմվում է Օսմանյան Թուքիայում իրականացված հայերի ցեղասպանութան մասին, իսկ հեղինակը` ազդված մարդկության պատմության այդ ողբերգական էջից, ամեն տարի ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է բոլոր օգտատերերին 20-րդ դարի առաջին եղերագործության մասին: «Ուրախ եմ, որ գտնվում եմ ինձ համար այդքան հոգեհարազատ երկրում եւ հուզվում եմ, որ պիտի այցելեմ Ծիծեռնակաբերդ ու աղոթեմ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար»,-նշեց Նահ Յոուն Մին: Նա իր գրքի օրինակ նվիրեց ԱԺ նախագահին:

Շնորհակալություն հայտնելով պատգամավորին հայանպաստ գործունեության համար` պարոն Նիկոյանը նշեց. «Այդպիսի դիրքորոշում կարող է ունենալ հզոր մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչը, ով մտածում է համամարդկային արժեքներով: Որեւէ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` հանցագործություն է մարդկության դեմ, եւ առաջադեմ պետություններն ու մարդիկ են, որ պայքարում են դրա դեմ»:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եւս բարձր գնահատեց առկա երկկողմ կապերը, խոսեց դրանց հետագա խորացման անհրաժեշտության մասին:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները եղան ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացան հայ գործընկերների աշխատանքների առանձնահատկություններին ու պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին