Լուրեր

Նախագահի ելույթի արժեքը առաջ քաշված նոր մոտեցումներն են

14.05.2012

 2012-ի մարտի 10-ին ՀՀԿ Համագումարում երկրի նախագահը բավականին ընդգրկուն և համակողմանի ելույթ ունեցավ: Տնտեսությանը նվիրված հատվածում նախագահը բերեց որոշ փաստեր վերջին տարիների ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներից: Սակայն նախագահի ելույթը պետք է արժևորել ոչ թե մատնանշված ձեռքբերումների և իրականացվածի նկատմամբ հնչեցրած գնահատականների, որոնք, ի դեպ, բավականին զուսպ և պահանջկոտ էին, այլ առաջ քաշվող նոր մոտեցումների և ապագայի տեսլականի տեսանկյունից:
ՀՀ նախագահը շեշտադրեց համակարգային փոփոխությունների և վերափոխման անհրաժեշտությունը` որպես օբյեկտիվ պահանջ և անխուսափելի մի գործընթաց, որը ենթադրում է փոփոխություններ և նոր որակների դրսևորում` նույնիսկ իշխող վերնախավի մակարդակում: Ելնելով տնտեսական հենքային գործընթացներից` նախագահը կարևորեց նոր տնտեսական հարաբերությունների անցումը` որպես ապագայի տնտեսության ձևավորման և Հայաստանի առջև կանգնած խնդիրների և մարտահրավերների հաղթահարման ուղի:
Ի լրումն կառավարման և կարգավորման մեխանիզմների արդիականացման պահանջի` նախագահն առաջ բերեց տնտեսական քաղաքականության նպատակադրման իր նոր հայեցակարգը, այն է` անցում տնտեսական աճից դեպի տնտեսական զարգացման: Ընդ որում, վերջինս նկարագրվում է որպես տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների և ծառայությունների արտադրության ընդլայնում, որում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, իսկ պետական տնտեսական քաղաքականությունը պետք է հանդիսանա հավասարապես բոլորի հովանավորը և քաղաքական երաշխիքը:
Այս մոտեցումները, նման մակարդակում, իրապես նոր են Հայաստանի քաղաքատնտեսական համակարգում: Այս իմաստով նախագահի ելույթը բացառիկ նշանակություն պետք է ստանա:
Առաջին, այն տարբերվում է իր բնույթով. չի ներառում քաղաքական խոստումներ, փոխարենը առաջ է քաշում արժեքային նոր համակարգ և դրանց նկատմամբ համաձայնության ձևավորման առաջարկ:
Երկրորդ, այն սահմանում է վարքագծի նոր կանոններ և վճռականորեն հուշում առանձին խաղացողների համար կայուն և անցնցում ելքի ուղին` տալով նաև համապատասխան երաշխիքներ:
Երրորդ, նախագահի ելույթը Հայաստանի տնտեսական զարգացման նոր քաղաքականության հայտարարություն է, որը համապատասխանում է ժամանակակից արդյունաբերական քաղաքականությունների սկզբունքներին:
Սրանք այն հիմնականներն են, որոնք կարելի է տեսնել նախագահի ելույթի ենթատեքստում և հայտարարությունների հետևում: Եվ եթե դա այդպես է, ապա պետք է նկատել, որ ՀՀ նախագահը իր տնտեսական ելույթների միջոցով հետևողականորեն և անշտապ կերպով մատուցում է նոր իրականության կանոնները և հուշում դրա գալիքի մասին: Սա, թերևս, քաղաքական մեկնաբանությունների և քննարկումների առարկա է նաև, սակայն տնտեսական քննարկումը, կարծեմ, ևս խիստ օրակարգային է:
Ինչպե՞ս է վերաբերվում մեր հասարակությունը ՀՀ նախագահի նոր մտադրություններին. արդյոք այն ունի քննադատություն կամ գոյություն ունի՞ որևէ ընդդիմություն, որը խորքային կերպով ըմբռնում, համաձայնում կամ վիճարկում է մեր գալիք իրականության նախագծերը: Ո՞րն է պրոֆեսիոնալ և քաղաքացիական հանրության դերը և որը` կառուցողական վարքագիծը:
Ցավալի է, որ մենք սահմանափակվում ենք սոսկ տեխնիկական համեմատություններում վարժված, մասնագիտական թերի վերլուծությունների վրա հիմնվող, ըստ էության սեփական քաղաքական շահերը հետապնդողների կողմից մատուցվող քննադատութամբ, և ավելին, դրանից չհոգնելով` նույնիսկ հաճույք ենք ստանում: Մինչդեռ, չենք ցանկանում ճանաչել քաղաքատնտեսական այն հենքերը, որոնք մեր իրականության ծնողն են:
Վերջապես, չհավատալով, չկարևորելով երկրի նախագահի հայտարարությունները` իմաստազրկում ենք դրանք և դարձնում անկենսունակ:

Panorama.am

← Վերադառնալ ցուցակին