Լուրեր

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները և սահմանեց համամասնական մանդատները

13.05.2012

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին կայացած արտահերթ նիստում ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 501 597 էր. 41 ընտրատարածքների 1982 տեղամասերում մայիսի 6-ին քվեարկությանը մասնակցել է 1 573 053 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը 53 831 է:

Հինգերորդ գումարման ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած ինը քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 454 673 ձայն (ձայների ընդհանուր թվի 30. 12 տոկոսը), «Ժառանգություն» կուսակցությունը` 86 996 ձայն (5. 76 տոկոսը), «Հայ ազգային կոնգրես» դաշինքը` 106 903 ձայն կամ ընդհանուրի 7. 8 տոկոսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ունի 85 550 ձայն կամ ձայների 5.67 տոկոսը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 5 577 ձայն կամ 0. 37 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ստացել է 15 895 ձայն (1.5 տոկոս), Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի ձայների մեծամասնությունը` 664 640 ձայն կամ 44. 02 տոկոսը, «Միավորված հայեր» կուսակցությունը ստացել է 2 946 ձայն կամ ընդհանուրի 0. 2 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցության ստացած քվեների թիվը 83 123 է կամ 5. 51 տոկոս:

Ընտրություններին գրանցվել է 3 355 անճշտություն: Ստացված 531 դիմում-բողոքներից 478-ը միեւնույն անձից են` քաղաքացի Ռուբեն Թորոսյանից: Դիմում-բողոքները սահմանված կարգով ԿԸՀ նիստում քննարկվել են, կայացվել են համապատասխան որոշումներ: ԿԸՀ նախագահը նշեց, որ համամասնական ընտրակարգով մանդատների մեծամասնությունը` 40-ը, բաժին են հասնում Հայաստանի հանրապետական կուսակցությանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 28 մանդատ, ՀԱԿ դաշինքն ունի 7, «Ժառանգություն», ՀՅԴ, «Օրինաց երկիր» կուսակցությունները` 5-ական մանդատ: Մուկուչյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն առաջիկա նիստերից մեկում կհայտարարի Ազգային ժողովի առաջին նիստի օրը:

Թեկնածուները մանդատները կարող են վայր դնել մինչեւ ԱԺ առաջին նիստը: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուին կփոխարինի տվյալ համամասնական ցուցակում նրան հաջորդող թեկնածուն: Ինքնաբացարկներ կարելի է ներկայացնել ԿԸՀ նիստի արձանագրության հրապարակումից անմիջապես հետո: ԱԺ առաջին նիստը նախագահողը եւս կորոշվի ինքնաբացարկների ներկայացման ավարտից եւ մեծամասնական ընտրակարգով հաղթած թեկնածուների տվյալների ամփոփումից հետո. սահմանված կարգով առաջին նիստը պետք է վարի ամենատարեց պատգամավորը:

ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածը սահմանում է, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը: Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, ընտրության արդյունքներն ամփոփվեցին և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունվեց մայիսի 13-ին: Այսպիսով` հինգերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ նիստը կգումարի մայիսի 31-ին:

← Վերադառնալ ցուցակին