Լուրեր

Ուշադրության կենտրոնում է սոցիալական ոլորտը

10.05.2012

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, մաղթել քաջառողջություն և արգասավոր աշխատանք։
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2011 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։ 2011 թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունն իրականացրել և ամփոփել է 112 ստուգում։ 2008-2011 թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է 9 մլրդ 70 մլն 9 հազար 400 դրամ և վերաձևակերպվել 2 մլրդ 316 մլն 760 հազար 700 դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ 2011 թ. տեսչության աշխատողների հիմնական ջանքերն ուղղված են եղել սոցիալական ոլորտին, մասնավորապես` կենսաթոշակի վճարման համակարգում տեղ գտած թերությունների վերացմանը, ցուցակների ճշգրտմանը։

 

Կառավարությունն աջակցում է անապահով ընտանիքներին

Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ, գործադիրը որոշել է 2012 թ. ապրիլի 1-ից մինչև 2013 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։ «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից նշված ժամանակաշրջանում անապահով ընտանիքներից 300 խորանարդ մետր բնական գազի քանակության համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից շուրջ 30 տոկոսով կամ 1000 խոր. մետրի համար` 32 հազար դրամի չափով ավելի պակաս։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այս որոշումն ընդունվել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` նպատակ ունենալով գազի գների բարձրացման պարագայում սոցիալապես անապահով խավերի համար ստեղծել ավելի մեղմ պայմաններ։ «Վերջիններս, ըստ էության, չեն զգացել գազի թանկացումը, քանի որ մենք հաշվարկել էինք, որ մինչև 300 խոր. մետր գազի սպառման դեպքում նրանց համար գազի գինը պահպանել ենք 100 դրամ, - հավելել է վարչապետը։ - Եվ մեկ տարով ևս երկարաձգելով այս օժանդակությունը` մենք փաստորեն մեղմում ենք սոցիալական բացասական ազդեցությունը, որ կարող էին զգալ անապահով ընտանիքները»։
ՀՀ կառավարությունը տավարաբուծության զարգացման ծրագրով 2012 թվականին տոհմային երինջների ձեռքբերման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 615 մլն 896 հազար 900 դրամ։ Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» ծրագրի գործընկերային հիմնադրամից ստացված այդ միջոցներով հանրապետություն կներկրվեն 475 գլուխ տոհմային երինջներ, որոնք, ինչպես նաև դրանցից ստացված սերունդը, կօգտագործվեն տավարաբուծության զարգացմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքներում։ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել ուժեղացնել վերահսկողությունն այն տնտեսությունների նկատմամբ, որոնք արդեն ստացել են երինջները և այժմ երկարաժամկետ վճարման փուլում են, որպեսզի ուշացում չլինի, քանի որ հավաքված գումարների շնորհիվ կարելի է նորից երինջներ ներմուծել և տրամադրել նոր տնտեսությունների»։ Մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսության նախարարությանը ս.թ. առաջին կիսամյակում հատկացվել է ևս 30 մլն դրամ` ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման, ինչպես նաև անտառապատման ծախսերը ֆինանսավորելու նպատակով։ Կանտառապատվի 31 հա տարածք, որը կնպաստի շրջակա միջավայրի բնակլիմայական, սանիտարահիգիենիկ և ռեկրեատիվ պայմանների բարելավմանը։
Կառավարությունը թույլատրել է «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015 թ. մայիսի 16-ը։ Ընկերությունը դեռևս 1988 թ. ներմուծել է հողաթափերի արտադրության կարուսելային հաստոց և հարակից հաստոցներ և սկսել արտադրություն, սակայն չդիմանալով մրցակցությանը, 2011 թ. ստիպված է եղել դրանք ժամանակավորապես տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ հիմնել համատեղ ձեռնարկություն։ Որոշման ընդունումն ընկերությանը թույլ կտա ՌԴ-ում գործունեության արդյունքում ստացված եկամուտը ծառայեցնել Եղվարդի ֆաբրիկայի զարգացմանը։
Կառավարության որոշմամբ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացվել է 256 մլն 796 հազար 400 դրամ։
ՀՀ կառավարությունը «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ին թույլատրել է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության մի շարք տեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն։ Հաստատվել է դրանց ցանկը։
Գործադիրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար կազմակերպված և գնումների բազային միավորի 350-ապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքը` որպես պաշտպանության նախարարության և «Ֆլեշ» ՍՊԸ միջև կնքված (3 մլրդ 530 մլն 200 հազար դրամ) պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման։
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 29 հասցեում գտնվող ՀՀ սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները և դրանց զբաղեցրած սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասն անժամկետ և անհատույց իրավունքով ամրացվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ին, ինչի շնորհիվ ակնկալվում է բարձրացնել վերջինիս ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետությունը։


Կարիքավորների համար ստեղծվում է սոցիալական համալիր

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակի փողոցի NN 25, 33, 34 շենքերը, որոնց կառուցումն ավարտին է հասցվել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին և որոնք նախատեսված են անօթևան միայնակ տարեցների համար, կառավարության որոշմամբ գրանցվել են որպես պետական սեփականություն, որպեսզի հետագայում սահմանված կարգով տրամադրվեն անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց։ Հաջորդ որոշմամբ գումար է տրամադրվել նշված բնակարանները կահավորելու նպատակով 59 լրակազմ գույքը Երևանից Մարալիկ տեղափոխելու համար։ «Սոցիալական բնակարանային ֆոնդը մենք հետևողականորեն ձևավորում ենք, - այս առնչությամբ նշել է վարչապետը։ - Մոտակա 3-4 տարվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կունենա բավական պատշաճ բնակարանային ֆոնդ և կկարողանա լուծել սոցիալական խնդիրները»։
Գործադիրը որոշել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի ներթաղամասային ճանապարհներով զբաղեցված հողատարածքը նվիրել Սպիտակի քաղաքային համայնքին, թաղամասի տարածքն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, ինչի շնորհիվ կբացառվի նշված հողատարածքի խառը կառուցապատումը։
Իր նիստում կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը և նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցը։
Կառավարությունն իր նիստում որոշել է նախկինում «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերությանը պատկանող շենքերը, շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ամրացնել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Դրա շնորհիվ նախարարության մարզային ստորաբաժանումները կտեղակայվեն մեկ վայրում, կբարելավվեն անձնակազմի աշխատանքային պայմանները։ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղը կառավարության որոշմամբ ապահովվել է ուսանողական անխափան գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածքով, իսկ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնաշենքը` տանիքի հիմնանորոգման համար անհրաժեշտ 20 մլն դրամով։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրը փոխել է Լոռու մարզի Գյուլագարակի և Արարատի մարզի Այգեզարդի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հանգստի գոտու և մանկապարտեզի շենքի կառուցման համար։
Կառավարության որոշմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր է տրվել Երևանի «Ֆիրմփլեյս» ՍՊԸ-ին։

← Վերադառնալ ցուցակին