Լուրեր

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը հնարավոր է համարում այս տարի ԼՂ խնդրի կարգավորման կոնկրետ արդյունքների հասնելը

09.05.2012

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում 2012 թվականին կոնկրետ արդյունքների հասնելը հնարավոր է: Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին' The Business Year ամսագրին տված հարցազրույցում:

Դիվանագետի խոսքերով' խնդրի լուծման գործում շոշափելի առաջընթացի հնարավոր է հասնել կողմերի քաղաքական կամքի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: «Ես, որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, իմ կողմից պետք է նպաստեմ նրան, որպեսզի բոլոր կողմերին ներգրավեմ տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման գործին: Միաժամանակ ես կհիմնվեմ Իռլանդիայի փորձի վրա, սակայն ինչպես հայտնի է, երկու միատեսակ հակամարտություններ չեն լինում»,- ասել է Մերֆին:

Նրա խոսքով' շփման գծում մահվան դեպքերի զգալի թիվը լուրջ անհանգստության տեղիք է տալիս ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված անհապաղ միջոցառումերի իրականացում է պահանջում: «Դիպուկահարների դուրսբերումը շփման գծից և ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը, ինչպես նաև ԵԱՀԿ հետագա դիտարկումները կնպաստեն կողմերի միջև վստահության աճին և կայունության ու անվտանգության ապահովմանը»,- ասել է նա:

Ըստ Մերֆիի' այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է 2011թ.-ին Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի (այժմ' ՌԴ վարչապետ) կողմից համատեղ հայտարարության իրագործումը: Մերֆին հիշեցրել է, որ այստեղ խոսքը նաև սահմանների շփման գծում տեղի ունեցող դեպքերի հետաքննության մեխանիզմի մշակման մասին է: «Մենք գտնում ենք, որ առաջարկների և նման մեխանիզմի շուրջ աշխատանքը հիմք է ստեղծում այս տարի կոնկրետ արդյունքների հասնելու համար»,- նշել է Մերֆին:

Նա նաև ընդգծել է, որ ԼՂ հարակամարտության լուծման միակ կառույցը, որն ուղղված է ԼՂ խնդրի լուծմանը, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Մենք աջակցում ենք Մինսկի խմբի' հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին ուղղված ջանքերին, որոնք սկիզբ կդնեն խաղաղության պաշտոնական համաձայնագրի մշակման աշխատանքներին»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:

ԵԱՀԿ նախագահությունն ընթացիկ տարում ստանձնել է Իռլանդիան:

← Վերադառնալ ցուցակին