Լուրեր

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

08.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Պետական Դումայում կայացած քվեարկության համոզիչ արդյունքները Ռուսաստանում լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հետագա իրականացմանն ու միջազգային ասպարեզում նրա դերի էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր գործունեության բարձր գնահատականի անվիճելի հաստատումն են:

Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Կցանկանայի անկեղծ երախտագիտություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցերում Ձեր մշտական ուշադրության համար: Մեր ռազմավարական գործընկերությունը տարեցտարի նոր հաջողություններ է արձանագրում, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում հարստանում է նոր կարևորագույն նախաձեռնություններով: Ջերմորեն եմ հիշում Ձեր այցերը Երևան և Գյումրի, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ինձ ցուցաբերած սրտաբաց ընդունելությունն ու հյուրընկալությունը, տարբեր միջազգային հարթակներում մեր արդյունավետ և մարդկային ջերմ հանդիպումները:

Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ կարևորագույն հանդիպումները, հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ Ձեր հետևողական ջանքերը, որոնք միանշանակ աջակցություն են ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների կողմից, արժանի են ամենախոր երախտագիտության:

Վստահ եմ, որ ամեն կերպ հայ-ռուսական դաշնակցության ընդլայնումը համապատասխանում է մեր ժողովուրդների իրական շահերին, նպաստում մեր երկրների զարգացման խնդիրների լուծմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:

Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ցանկանում եմ Ձեզ և Ձեր մերձավորներին քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև նոր հաջողություններ Ձեզ Ռուսաստանի շահերին ծառայելու գործում»:

← Վերադառնալ ցուցակին