Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

07.05.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնայնությունը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա զարգացումն ու դաշնակցային փոխգործակցության ամրապնդումն է՝ հիմնված մեր ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից անցած ժամանակահատվածում մեր երկրների համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծվել է լայն իրավապայմանագրային հիմք, ձևավորվել են երկկողմ արդյունավետ համագործակցության մեխանիզմներ, որոնք իրապես դրսևորվում են միջպետական փոխգործակցության բոլոր ոլորտներում, համատեղ տնտեսական նախագծերի իրականացման, ինչպես նաև հումանիտար և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման ժամանակ:

Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ նախևառաջ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ԱՊՀ-ի, Միացյալ ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ և այլ միջազգային ֆորումների շրջանակներում, առավել արդյունավետ է դարձել մեր պետությունների արտաքին քաղաքականության կոորդինացիան միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հենց այսպիսի բնույթի հայ-ռուսական փոխգործակցության ձևավորման գործում, Ձեր մշտական ջանքերը, որոնք էլ ավելի են ամրապնդել մեր ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել փոխադարձ աջակցության հունով հարցերի դրական լուծման փորձը:

Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ-ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահալից անձնական երկխոսությունը հետագայում ևս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ցանկանում եմ Ձեզ և Ձեր մտերիմներին քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն և բարգավաճում»:

← Վերադառնալ ցուցակին