Լուրեր
ՀՀԿ Նախագահ,ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում
06.05.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թե ինչի՞ համար է քվեարկել և ի՞նչ էր մտածում քվեաթերթիկը քվեատուփ գցելու պահին, Հանրապետության նախագահն ասել է. «Բնականաբար քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Իսկ թե ի՞նչ էի մտածում, պարզ է՝ ուզում եմ, որ և´ այսօր, և´ վաղը, և´ մյուս օրն ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ըստ մեր օրենքների ընթանա: Եվ կարծում եմ, առաջընթացի գրավականը հենց դրա մեջ է: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում քաղաքական ուժերին լավ հնարավորություն ընձեռելու համար, որպեսզի իրենց ծրագրերը կարողանան ներկայացնել մեր հանրությանը: Շնորհակալ եմ»:
Հարցին, թե ի՞նչ խնդիրներ եք դնելու նոր խորհրդարանի առաջ, Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ Խորհրդարանը կլինի, այն ժամանակ էլ խնդիրները կդրվեն: