Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իտալական <<Ռենկո>> և <<Գուցինի>> ընկերությունների ներկայացուցիչների հետ

04.05.2012

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իտալական <<Ռենկո>> ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու նրա ուղեկցությամբ հանդիպման եկած իտալական <<Գուցինի>> ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` հատկապես մատնանշելով այն ոլորտները, որոնք փոխանցելով մասնավորի կառավարմանը` հնարավոր կդառնա առավել արդյունավետ կառավարում ապահովել: Այս համատեքստում քաղաքապետը կարևորել է միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը, ինչը նախ և առաջ կապահովի միջազգային չափորոշիչներով ծառայությունների մատուցում:<<Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարևորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որը, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման հարցում>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի նշելով հենց <<Ռենկոյի>> հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` <<Ռենկո>> ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինին բարձր է գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իր հերթին ընդգծել է, որ իրենց ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ <<Ռենկոյի>> տնօրենը նաև վստահեցրել է, որ <<Գուցինի>> ընկերությունը ևս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երևանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաև վստահելի գործընկեր:<<Գուցինի>> ընկերության նախագահ Ադոլֆո Գուցինին ևս, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են, և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել զարգացման ծրագրերի իրականացման գործում:
Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը` այդ թվում ընկերության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, որն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը:
 

← Վերադառնալ ցուցակին