Լուրեր

ՀՀԿ առաջնորդը վստահ է, որ հարևան երկրների համեմատությամբ մենք ունենք կատարյալ բանակ

04.05.2012

Բանակներն ու նրանցում տիրող իրավիճակը պետք է գնահատել համեմատության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ մայիսի 4-ին Կենտրոն համայնքի մշակույթի, արվեստի և գիտության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Եթե համեմատականներ չեն արվում, հարց է ծագում, թե ո՞վ է դատավորը: Եթե մենք համեմատենք հայոց բանակը մեր հարևանների հետ, ապա մենք ունենք կատարյալ բանակ: Եթե համեմատության մյուս կողմում գերհզոր պետության հզոր բանակն է, ապա թերությունները միանշանակ են»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ հզոր բանակների դեպքում էլ կարևոր գործոն է համարվում նրանում ներդրված ֆինանսական միջոցները:

«Մենք կարողանում ենք պայմանական մեկ դոլարը, որը ծախսում ենք մեր բանակի վրա, վերածել հինգի, սակայն այն ռետինե չէ: Կար ժամանակ, երբ մեր բանակում զինվորների մի մասը հագնում էր օգտագործված հագուստ: Իսկ երբ մի մասը հագնում է օգտագործված, իսկ մյուսը նոր, այդ` 18 տարեկան տղաներից ձևավորված կառույցում հարցեր էին ծագում, ու նա, ում բռունցքն ավելի հաստ էր, հագնելու էր նորը»,- փաստեց ՀՀԿ առաջորդը` ընդգծելով, որ այդ ու նմանատիպ այլ խնդիրներ այժմ վերացվել են ու նրանք, ովքեր դատապարտում են բանակում տեղ գտնող դեպքերը պետք է հաշվի նստեն դրա հետ:

← Վերադառնալ ցուցակին