Լուրեր

ՀՀ Նախագահը մասնակցեց «Մեր հաղթանակների երգերը» խորագրով թատերականացված տոնական համերգին

03.05.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ մայիսի 3-ին մասնակցեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած մայիսյան հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների երգերը» խորագրով թատերականացված տոնական համերգին: Մայիսյան պանծալի հաղթանակները կերտող հերոսներին ու վետերաններին, մարտի դաշտում իրենց կյանքը նվիրաբերած ռազմիկների հիշատակը հավերժացնող հարգանքի եւ մեծարման այս երեկոյին ներկայացվեցին սիրված երգերի նորովի կատարումներ, որոնք հնչեցին Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Թատրոնի ճեմասրահում մայիսյան եռատոնին նվիրված անցկացվեց նաեւ «Իմ եւ մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողների լավագույն աշխատանքների ցուցադրություն եւ մրցանակակիրների պարգեւատրում:

Ապրիլի 27-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում բաց ցուցադրության արդյունքում մայիսյան եռատոնին նվիրված նույն թեկայով լուսանկարչական մրցույթի առաջին մրցանակակիր է ճանաչվել Հայկ Կիրակոսյանը «Հավերժ հաղթանակ» լուսանկարի համար, երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Նազարեթյանը «Հավատք» լուսանկարի համար, եւ երրորրդ տեղը` Արմեն Ենգոյանը «Հաղթողը» լուսանկարի համար:

← Վերադառնալ ցուցակին