Լուրեր

ԱԺ նախագահը հանդիպեց Գյումրիի մի շարք բուհերի ուսանողների հետ

03.05.2012

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին հանդիպեց «Սրբազան հող» բարեգործական հասարակական կազմակերպության Երիտասարդ ընտրողի կենտրոնի անդամների հետ, ովքեր գլխավորապես Գյումրիի տարբեր բուհերի ուսանողներ էին:

Ազատ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրեց խորհրդարանական գործունեության առանձնահատկությունները, ՀՀ նախագահ-Ազգային ժողով-կառավարություն փախհարաբերությունները կանոնակարգող մեխանիզմները, ԱԺ-ում հասարակական լսումների ինստիտուտը, Ընտրական օրենսգրքի դրույթները: Պարոն Նիկոյանն անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նախընտրական քարոզչությանը, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերին: Ըստ ԱԺ նախագահի` անհրաժեշտ է պահպանել մեծամասնական ընտրական համակարգը, որը հնարավորություն է տալիս պատգամավորին խորհրդարանում ներկայացնելու տարածաշրջանի խնդիրները:

Ներկաներին հետաքրքրում էին ամենատարբեր հարցեր` սկսած խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրության կարգից մինչեւ երիտասարդների զբաղվածության ու պետական կառույցները Երեւանից դուրս` մարզերում տեղակայելու խնդիրները: Վերջինիս առնչությամբ ԱԺ նախագահը նշեց, որ ամբողջ աշխարհում բոլոր պետական մարմինները գտնվում են մայրաքաղաքում: Այդուհանդերձ, պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ հարցի վերաբերյալ աշխատանքներ է իրականացնում` նախատեսելով մարզերում տեղակայել որոշ պետական մարմիններ:

Գյումրիից ժամանած երիտասարդի այն հարցադրմանը, թե քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքում օրենքով պատիժ սահմանվում է արդյոք, խորհրդարանի ղեկավարն ասաց. «ՀՀ օրենքով ընտրակաշառք տվողը եւ վերցնողը քրեական պատասխանատվության են ենթարկվում: Ընտրակաշառքը մեր ազգին պատիվ չի բերում, եւ դրա դեմ հարկ է պայքարել»:

ԱԺ նախագահը կոչ արեց երիտասարդ ընտրողներին լինել լավատես եւ վստահությամբ նայել ապագային:

Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց ուսանողների հետ:

← Վերադառնալ ցուցակին