Լուրեր

ՀՀԿ առաջնորդը վստահ է, որ աշխատանքը պետք է կատարվի արդյունքի, այլ ոչ թե գովազդի համար

03.05.2012

Հայաստանը պետք է շարունակի համամարդկային արժեքների վրա կառուցել իր ապագան, ինչի համար կարեւոր են լավ ընտրությունների անցկացումը: Մայիսի 3-ին այս մասին նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը` կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Կենսամակարդակի, ժողորդավարության բարձր աստիճանը հնարավոր է իրական դարձնել համազգային ճիգերով: Մենք գիտենք առկա խնդիրները եւ դրանց համար առաջարկվող լուծումները: Բոլորի համար հավասար Հայաստանը կարող է ստեղծել ամուր եւ կայուն տնտեսություն, քանզի ոչնիչ չի խոչընդոտելու ժողովրդի ձեռներեցության եւ կարողությունների բացահայտմանը»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը լվանալ եւ սպասել, թե երբ է տնտեսական զարգացումը գալու իր դուռը: Այն քայլեր է ձեռնարկելու` ապահովելու կայուն տնտեսական զարգացում եւ աշխուժություն, խրախուսելու է նոր ներդրումները եւ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների գործածումը:

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի երկրի ներսում կազմակերպվող մրցունակ արտադրանքի միջոցով փոխենք ներկրող-արտահանող մրցակցությունը: Մենք ցանկություն ունենք կերպարանափոխելու աշխատանքային շուկայի պատկերը եւ լուծելու մարդկանց զբաղվածության եւ արժանապատիվ վարձատրության հարցը»,-նկատեց ՀՀԿ ղեկավարը: Նրա խոսքով` այս ամենը լինելու են կուսակցության ծրագրերի հիմքում եւ այս սկզբունքների կիրառմամբ է հնարավոր ստեղծել ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:

«Շատ գործը եւ քիչ աղմուկը իմ սկզբունքն է: Մենք այնքան աղմուկ ենք տեսել, որ կբավականեցներ մի քանի մեծ տերությունների համար: Մենք կարոտ ենք լուռ աշխատանքի, ինչը նշանակում է կենտրոնացած եւ խորասուզված աշխատանք, որը կարվի արդյունքի, եւ ոչ թե գովազդի համար»,-ասաց Սարգսյանը: Նա նկատեց, որ նման խոստումը ռոմանտիկ չէ եւ ոչ էլ սենսացիոն, բայց իր ամենակարեւոր խոստումն է: Պետք է աշխատել, որ փխրուն զինադադարը փոխվի կայուն խաղաղության, իսկ արտագաղթը` տունդարձի, այլապես արժանի չենք լինի ավելի լավ Հայաստանի:

← Վերադառնալ ցուցակին