Լուրեր

Քննարկվել են տեքստիլ արդյունաբերության ոլորտում հայ-իտալական համագործակցությանը վերաբերող հարցեր

03.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեքստիլ արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող իտալական հեղինակավոր «Լա Պեռլա» ընկերության արտադրության գծով տնօրեն Ջուլիո Գամբարինիի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ «Լա Պեռլա» ընկերությունը ներկայացվում է նաև Հայաստանում: Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ»,- ասել է վարչապետը:
Նշելով, որ մեր երկրում առկա են տեքստիլ արդյունաբերության լավ ավանդույթներ՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մշակվել է այս ոլորտի զարգացման ծրագիր: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ իտալական ընկերության գործունեությունը կնպաստի ինչպես տեքստիլ արդյունաբերության հետագա զարգացմանը, այնպես էլ իտալական այլ հեղինակավոր ընկերությունների ներգրավմանը մեր երկիր:
Ջուլիո Գամբարինին նշել է, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու համար Հայաստանում ստեղծվել են լավ հիմքեր: Այդ առումով վերջինս կարևորել է նաև որակյալ աշխատուժի առկայությունը:
Զրուցակիներն անդրադարձ են կատարել նաև ընթացիկ տարում Հռոմում նախատեսված հայ-իտալական բիզնես ֆորումին, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը և համատեղ այլ ծրագրերի իրականացմանը:

***
«Լա Պեռլա» ընկերությունը համագործակցում է Չարենցավանում գործող «Բրատեքս բրենդիդ տեքստիլ մանուֆակտուրինգ» ընկերության հետ: Նպատակն է՝Հայաստա¬նում ձևավորել տեքստիլ արդյունաբերության նոր կենտրոն, որը կիրականացնի միջազգային առաջատար ընկերությունների պատվերները՝ «Made in Armenia» մակագրությամբ: Այսպիսով, Հայաստանում արտադրված տեքստիլ արտադրանքը կարող է համաշխարհային շուկայում գտնել իր ուրույն տեղը:

← Վերադառնալ ցուցակին