Լուրեր

«ՀՀԿ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում ընտրակաշառքը բացառելու համար». Սերժ Սարգսյան

02.05.2012

Հայաստանը շարունակում է խաղաղություն պարտադրել ու թույլ չի տալու զգոնության թուլացում ոչ մի վայրկյան: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 2-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Խոսելով ազգային անվտանգության ու պաշտպանվածության մասին` Սերժ Սարգսանը վստահեցրեց, որ Հայաստանի և Արցախի անկախությունից հետո հայ ժողովրդի առջև ծառացած այդ խնդիրներին ընդառաջ լրջագույն քայլեր են արվել, հատկապես` բանակաշինության ոլորտում:

«Կտրուկ հզորացվել է պետության պաշտպանական ներուժն, ու դեռ այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Հայաստանում քաղաքական պայքարին անդրադառնալով` ՀՀԿ նախագահը կարևորեց, որ քարոզարշավի բարձր տեմպը դեռևս չի հոգնեցրել ՀՀ քաղաքացիներին, և նրանց մեծ մասն արդեն լավատեղյակ է քաղաքական ուժերի ծրագրերի ու նպատակների մասին:

«Այստեղ` Աբովյանում, մենք լրացուցիչ անգամ հնարավորություն ունենք շեշտել մեր անելիքներն ու բացթողումները: Հանրապետական պահպանողական կուսակցությունը խոսում է այն մասին, որ կա ձևավորված արժեհամակարգ, ու մենք առաջնորդվում ենք հստակ սկզբունքներով: Այդ սկզբունքների թվում մեզ համար առաջնային են մարդու իրավունքներն ու ազատությունները»,- նշեց ՀՀԿ առաջնորդը` ընդգծելով, որ դրանց պաշտպանության համար գլխավոր խոչընդոտներն են բյուրոկրատական ապարատի բարդություններն ու կաշառակերությունը:

«Չի կարող պաշտպանված լինել քաղաքացին, եթե պետպաշտոնյան ցանկանում է կաշառք ստանալ: Մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրակացրել ու իրականացնում այդ թերությունները բացառելու համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին