Լուրեր

ԱԺ նախագահը պարգեւատրեց Պատվո մեդալով

02.05.2012

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, ակտիվ եւ արդյունավետ պատգամավորական գործունեության համար մայիսի 2-ին հադիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրվեցին պատգամավորներ:

Խոհրդարանի ղեկավարը պարգեւատրեց Արամ Սաֆարյանին, ով ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, նաեւ` Արեգ Ղուկասյանին, ով ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է ու միաժամանակ Վեհաժողովի փոխնախագահը: Պրն. Նիկոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու եւ միջազգային խորհրդարանական կառույցներում հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր երկրի համար բարենպաստ որոշումների հասնելու համար:

ԱԺ նախագահը պատգամավոր Արմեն Մխիթարյանին հանձնեց Բանակի օրվա առթիվ վերջինիս ստացած ՀՀ ԱԺ Պատվո մեդալը: Պատգամավորը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, լինելով արցախյան ազատամարտի մասնակից, նաեւ` ՀՀ Աղֆանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, մեծ ներդրում ունի հայրենիքի պաշտպանության գործում:

Արդյունավետ խորհրդատվական առաքելություն իրականացնելու համար ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների ամրապնդման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան նույնպես արժանացավ ԱԺ Պատվո մեդալի: Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց վերջինիս առաքելությունը թե խորհրդարանում եւ թե եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության հետ համատեղ աշխատանքում:

Արամ Սաֆարյանը պարգեւատրվածների անունից շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականի համար: Նա նշեց, որ իրենց գործընկերի հետ համագործակցության արդյունքում է հաջողվել երկիրը լավագույնս ներկայացնել միջազգային խորհդարանական կառույցներում:

← Վերադառնալ ցուցակին