Լուրեր

ՀՀԿ-ի սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու աղքատություն ծնող պատճառների վերացմանը

02.05.2012

Սոցիալական բնագավառում ծրագրերն ուղղվելու են աշխատատեղերի ստեղծմանը և կրթության հասանելիությանը: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ:

«Սոցիալական ոլորտում մենք պայքարելու ենք աղքատություն ծնող պատճառների վերացման համար: Հայտնի է, որ դրանք երկուսն են` կրթության անհասանելիությունը և աշխատանքի բացակայությունը: Պետությունն իր ֆինանսական միջոցներն ուղղելու է սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատատեղերով ապահովելուն, իսկ եթե տվյալ անձը որևէ մասնագիտություն չունի, ապա նրա համար կկազմակերպվի վերապատրաստում»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետի կարծիքով` սա հնարավորություն կտա մարդկանց իրենց աշխատանքով կառուցել սեփական ապագան և հաղթահարել աղքատությունը:

Նրա խոսքով` սոցիալապես անապահով ընտանիքների անդամների կրթության ֆինանսավորումը ևս կատարելու է կառավարությունը: ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ' ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է կրթություն չստանալու պատճառ դառնա: Պետությունը պարտավոր է իր վրա վերցնել այդ ֆինանսավորումը:

← Վերադառնալ ցուցակին