Լուրեր

Բիզնես միջավայրի բարելավումը տեսանելի կլինի առաջիկա տարիների ընթացքում. ՀՀ վարչապետ

02.05.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով շարունակվելու են բիզնես միջավայրի բարելավման լայնածավալ աշխատանքները: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել բիզնես միջավայրի բարելավման մեծ փաթեթի ներդրմանը: Իհարկե, կատարված աշխատանքների արդյունքները դեռևս այնքան էլ տեսանելի չեն, սակայն համոզված ենք, որ մոտակա տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումների արդյունքում բոլորը կզգան այդ փոփոխությունները»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Միաժամանակ, ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ կատարված աշխատանքների արդյունքում Համաշխարհային բանկի բիզնես միջավայրի բարելավման' Doing Business-ի գործակցով Հայաստանն առաջ է շարժվել 6 քայլով և 61-րդ տեղից տեղափոխվել է 55-րդ հորիզոնական։ Տիգրան Սարգսյանը հատկանշական համարեց այն, որ մեր երկիրը 5 ուղղություններով իրականացված բարեփոխումների քանակով Համաշխարհային բանկի վերջին զեկույցում զբաղեցրել է առաջին տեղը:

← Վերադառնալ ցուցակին