Լուրեր

Աշխատանքը գյուղում իր որակական հատկանիշներով չպետք է զիջի քաղաքային աշխատանքին. Տիգրան Սարգսյան

02.05.2012

Գյուղատնտեսության բնագավառում շարունակվելու են խոշորածավալ ծրագրերը: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Աշխատանքներն են տարվելու ենթակառուցվածքների զարգացման, ծառայությունների որակի բարձրացման նպատակով: Բազմաթիվ ֆունկցիաներ պետք է տեղափոխենք մարզեր, որպեսզի գյուղն ապրելու համար լինի հարմարավետ: Գյուղացին պետք ունենա աշխատանք, որն իր որակական հատկանիշներով չպետք է զիջի քաղաքային աշխատանքին»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Բացի այդ, շարունակվելու են վերամշակող ընկերություններին ցուցաբերվող աջակցության, սերմաբուծության, դիզվառելիքի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը: ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ սերմնաբուծության ծրագրով շուրջ 1000 տոննա բարձրորակ սերմ է ներմուծվել Հայաստան և բաժանվել 5000 տնտեսությունների, ինչի արդյունքում սերմերի վերարտադրողականությունն էապես բարձրացել է:

← Վերադառնալ ցուցակին