Լուրեր

Երեւանի քաղաքապետը խոստացել է սեղմ ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի պուրակի տաղավարները

01.05.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ, տեղում ծանոթացել ընթացող բարեկարգման աշխատանքներին և իր դիրքորոշումն է հայտնել այնտեղ տեղադրված ժամանակավոր տաղավարների վերաբերյալ: Ըստ այդմ, Հանրապետության ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:
Անդրադառնալով սույն հարցին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. <<Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները>>:Ի պատասխան սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցի, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում, Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները. <<Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք և այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը>>,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:

 

 

← Վերադառնալ ցուցակին