Լուրեր

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Վանաձորում նոր բուժհամալիրի կառուցման ծրագրերին

30.04.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Վանաձորի հիվանդանոց, ծանոթացավ գործող պայմաններին, եղավ հիվանադանոցի հարակից տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել նոր բուժհամալիր:Բանակցություններ են ընթանում համաշխարհային բանկի հետ նոր բուժհամալիրի կառուցման նպատակով 8-10 մլն դոլարի վարկային միջոցներ ստանալու համար:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գործակալության տնօրեն Գուրգեն Դումանյանը, նախատեսվում է, որ բանակցությունները կավարտվեն մեկից երկու ամսվա ընթացքում, որից հետո էլ կմեկնարկեն բազմաֆունկցիոնալ բուժհամալիրի շինարարական աշխատանքները: «Ծրագրվում է, որ համալիրում կտեղակայվեն վիրաբուժական, թերապևտիկ, գինեկոլոգիական, մանկաբարձական ծառայությունները և ծննդատունը»,- ասաց նա:

Բուժհամալիրը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և կունենա 190 մահճակալ, որոնց թիվը հետագայում հնարավոր է ավելացվի: Բուժհամալիրը կապահովի Վանաձորի քաղաքացիների բժշկական ծառայությունների պահանջարկի հիմնական մասը:

← Վերադառնալ ցուցակին